2022թ. Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 102.4 %. ավագանին հաստատեց բյուջեի կատարման հաշվետվությունը

15.03.2023

Հայաստանի ազգային հերոս, երգիչ, երգահան, պոետ, դերասան, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին ընդառաջ՝ Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքում կտեղադրվի մեծանուն շանսոնյեի հիշատակը հավերժացնող հուշարձան: Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ նմանօրինակ հուշարձան տեղադրվելու է նաև Փարիզում, ինչը ժամանակակից քանդակագործությանը բնորոշ տարր հանդիսանալով՝ Երևանում դրվելիք արձանի նկատմամբ առավել մեծ հետաքրքրություն կառաջացնի: Քննարկումների արդյունքում առաջարկվել է հուշարձանը տեղադրել Ֆրանսիայի հրապարակի կենտրոնական հատվածում, իսկ սույն որոշման ընդունումից հետո կիրականացվեն հուշարձանի էսքիզային և ճարտարապետական նախագծերի հաստատման հետ կապված աշխատանքները և Օգյուստ Ռոդենի՝ Ժյուլ Բաստիեն Լեպաժի արձանի տեղափոխումը Ֆրանսիայի հրապարակի մեկ այլ հատված: Ներկայում քանդակի՝ Ֆրանսիայի հրապարակի կենտրոնում տեղադրված լինելը հանրությանը թույլ չի տալիս պատշաճ կերպով դիտել կամ ուսումնասիրել մեծարժեք ստեղծագործությունը, ինչը հակասում է քանդակի նվիրատվության պայմանագրին: Այսպիսով, քանդակը մայթին ավելի մոտեցնելով, հանրությանը հնարավորություն կտրվի առավել հարմար և մոտ դիտակետից ուսումնասիրել Ռոդենի ստեղծագործությունը:

***

2022թ. Երևանի բյուջեի սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 102.4 %, իսկ ծախսերի կատարումը՝ 85.1 %, որն, ի դեպ, 2017թ.–ից այս կողմ աննախադեպ նվաճում է:  
Որոշման նախագիծը ներկայացնող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը նշել է, որ բյուջեի ճիշտ պլանավորման, օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համայնքը կարողացել է նման ցուցանիշներ ապահովել: 
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ, կարևորելով անկանխիկ վճարումներին անցնելու գործընթացը, ընդգծել է, որ առավել  արդյունավետ ու արագ սպասարկում ապահովելու նպատակով համայնքը քաղաքացիների համար ստեղծել է մի շարք հարթակներ, որոնք իրենց հերթին նպաստել են համայնքային բյուջե մուտքերի ապահովմանը:
«Մենք ունենք պարտաճանաչ քաղաքացիներ, սակայն վերջինների համար լավ միջավայր ապահովված չի եղել, որ համայնքի հանդեպ պարտավորությունները պատշաճ կատարեն: Էլեկտրոնային տարբեր հարթակների միջոցով մենք հնարավորություն ենք տվել մեր բնակիչներին իրենց իսկ նախընտրած վայրից անկանխիկ վճարումներ կատարել: Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բնակիչներին մատուցվող ծառայությունների թվայնացումը, որն ապահովում է աշխատանքների կազմակերպման արդյունավետության բարձրացում, վերահսկողություն, որոշումների արագ կայացում»,- նշել է քաղաքապետը: 

***

Ավագանին հաստատել է նաև Երևանի զարգացման 2022թ. ծրագրի իրականացման հաշվետվությունը: Որպես կենսական նշանակություն ունեցող ծրագրեր՝ առանձնակի կարևորվել են երթուղային ցանցի ներդրման շրջանակում 252 միավոր նոր շարժակազմի՝ 87 միավոր «MAN», 150 միավոր «Zhong Tong» և 15 տրոլեյբուսի ձեռքբերումը, հասարակական տրանսպորտում միասնական տոմսային համակարգի ներդրման աշխատանքները, որոնք կմեկնարկեն այս տարի. 2023թ. կայացել է մրցույթ, կա հաղթող օպերատոր, շահագործման է հանձնվել Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածը, կառուցվել է Արամ Խաչատրյան-Մամիկոնյանց փողոցներն իրար կապող նոր ճանապարհ, գործընկեր կառույցների աջակցությամբ և համայնքային բյուջեի միջոցներով լայն թափով իրականացվել և իրականացվում են մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, մեկնարկել են երկու պոլիկլինիկաների հիմնանորոգման աշխատանքները, փոխարինվել է 467 վերելակ: Նշվել է նաև, որ Երևանի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի կայարան կառուցելու նպատակով 2022թ. օգոստոսին «Մետրոգիպրոտրանս» ընկերության կողմից հանձնվել են նախագծանախահաշվային փաստաթղթերի կազման 1-ին փուլի արդյունքները և նախնական հաշվետվությունները, որտեղ ներկայացվել են սխեմատիկ երկու տարբերակները։ Ըստ նախնական գնատահատականի՝ նախագծի ամբողջական տարբերակը պատրաստ լինելուց հետո շինարարական աշխատանքը կտևի մոտ 4 տարի:  
Հարկ է նշել, որ մինչ ավագանու հաստատմանը ներկայացնելը՝ Երևանի զարգացման 2022թ. ծրագրի իրականացման և բյուջեի կատարման հաշվետվությունների նախագծերը նախ դրվել են հանրային քննարկման, բնակիչների մասնակցությամբ քաղաքապետարանում կազմակերպվել են բաց լսումներ: 
***
Երևանի հ.116 հիմնական դպրոցն անվանակոչվել է 2016թ. արցախյան քառօրյա պատերազմի մասնակից Սամվել Հովսեփյանի («Ադմիրալ Սամվել») անունով: Ավագանին հավանություն է տվել որոշման նախագծին:  
***
Ավագանու մեկ այլ որոշմամբ Երևանի Արաբկիրի 45-րդ փողոցն այսուհետ կկրի  հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հենրիկ Մալյանի, Արաբկիրի 47-րդ փողոցը՝ թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի, Արաբկիրի 38 փողոցը՝ ճարտարապետ Աննա Տեր Ավետիքյանի, Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցը՝ կինոյի, հեռուստատեսության և թատրոնի դերասան Արմեն Խոստիկյանի, Ներքին Շենգավիթի 1-ին փողոցը՝ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի, Արաբկիրի 27-րդ փողոցը՝  բանաստեղծ, թարգմանչուհի Մարո Մարգարյանի, Արաբկիրի 41-րդ փողոցը՝ անվանակոչել բանաստեղծ, հասարակական գործիչ Արմենուհի Տիգրանյանի, Արաբկիրի 53-րդ փողոցը՝ հայ արձակագիր, բանաստեղծ Էլեն Բյուզանդի,  Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 9-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Բաղդասարյանի և Նորքի 8-րդ փողոցն էլ՝ գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի անունը: 
***
Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:  
***
Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի ապրիլի 18-ին: