47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է

23.01.2023
Կրթություն

Երևանի հ.47 մանկապարտեզը կառուցվել է 1975թ.: Երևանի էներգաարդյունավետության ծրագրով շենքն ամբողջությամբ վերակառուցվել ու վերանորոգվել է: 
«Մանկապարտեզն այս տարիների ընթացքում մասնակի նորոգվել էր, բայց հիմնովին՝ երբևէ:  Տանիքից կաթում էր, խմբասենյակներն ու միջանցքները, որքան էլ տաքացնեինք ու էլեկտրաէներգիա ծախսեինք, միևնույնն է, մեծ դժվարությամբ էինք կարողանում ապահովել անհրաժեշտ ջերմաստիճանը»,-պատմում են մանկապարտեզի աշխատակիցները:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը, հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մացեյ Չուրան, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին, քաղաքապետարանի ներկայացուցիչներ, ավագանու անդամներ, հյուրեր:
«Էներգաարդյունավետության նոր միջոցառումները մեր մանկապարտեզներն ավելի հարմարավետ և անվտանգ կդարձնեն: Ծրագրի 1-ին փուլով նախատեսված է 12 մանկապարտեզի նորոգում և ևս 3-ի վերակառուցում՝ հաշվի առնելով այդ շենքերի սեյսմիկ վիճակը։ Սա 3-րդ վերանորոգված մանկապարտեզն է այս ծրագրով, իսկ ընդհանուր նախատեսված է 15 մանկապարտեզ»,- նշել է քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը:
«Վստահաբար, կարևորագույն բաղադրիչն այն բովանդակությունն է, որը մեր երեխաները ստանում են այս պատերի ներքո, բայց, իհարկե, կարևոր է նաև միջավայրը։ Մանկապարտեզների առումով աշխատանքների  ծավալը աննախադեպ է։ Ունենք նաև նոր մանկապարտեզներ, որոնք նորոգվում ու հիմնանորոգվում են քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով, բացի այդ ունենք կառուցման ծրագրեր, մասնավորապես, Ծարավ աղբյուր թաղամասում»,-ընդգծել է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 
47 մանկապարտեզը 15-ից 3-րդ վերանորոգվածն է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Շենքը նախ ամրացվել է, ապա ջերմամեկուսացվել: Փոխվել են դռներն ու պատուհանները, անցկացվել է օդափոխման համակարգ: Շինարարության ընթացքում ամբողջությամբ փոխվել են նաև խմելու ջրի և կոյուղատար համակարգերն ու էլեկտրական մալուխները: Ծրագրով տանիքին տեղադրվել են արևային վահանակներ, մանկապարտեզն ունի նաև արևային ջրատաքացուցիչ, ինչը կապահովի մշտական տաք ջուր: 
«Մեր համագործակցության հիմնական ուղղություններն են՝ կլիմայի փոփոխությունը, էներգախնայողությունն ու կրթությունը: Ինչ խոսք, չկա ավելի կարևոր բան, քան էներգաարդյունավետ, անվտանգ միջավայր ստեղծելը երեխաների համար: Սա ԵՄ-ի կարևոր և հստակ հանձնառությունն է մեր արժեքավոր՝ Team Europe գործընկերությանը, որն ուղղված է կյանքի որակի բարելավմանը՝ միաժամանակ լրացուցիչ օգուտներ բերելով տնտեսությանն ու հասարակությանը»,-նշել է Հայաստանում ԵՄ դեսպանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 15 մլն եվրո է: Այն իրականացվում է Եվրոպական ներդրումային բանկի վարկային և Արևելյան եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության դրամաշնորհային միջոցներով, որի ամենամեծ ներդրողն է Եվրամիությունը: Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը ֆինանսավորովում է նաև համայնքային բյուջեից: Առանձին դրամաշնորհ է տրամադրել ՄԱԶԾ-ի Կանաչ կլիմայի հիմնադրամը: Ծրագրով հարկերը համաֆինանսավորվում են ՀՀ պետական բյուջեից։
Հարավային Կովկասում Եվրոպական ներդրումային բանկի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան նշել է. «Անվտանգ և ավելի «կանաչ» շենք. վերականգնվող էներգիայի աղբյուրների ներդրմամբ Երևանի մանկապարտեզների էներգաարդյունավետության, կառուցվածքի և մատչելիության համալիր բարելավումը Երևանի քաղաքապետարանին կօգնի նվազեցնել ածխաթթու գազի արտանետումը և բարձրացնել կայունությունն ու կենսունակությունն այս ձմռանն ու նաև դրանից հետո: Սա արդյունավետ համագործակցության լավ օրինակ է»:
«Գեղեցիկ վերանորոգված շենք, որը փոփոխություն է մցնելու մանկապարտեզ հաճախող երեխաների և տարածքի բնակիչների կյանքում: Կլիմայի փոփոխությունը բարդ մարտահրավեր է։ Շենքերն ամենամեծ էներգասպառողներն են, իսկ այս ծրագրով մինչև 50 տոկոս կնվազի մանկապարտեզի էներգասպառումը»,-նշել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվիլիշվիլին։
Մանկապարտեզն իր ավելի քան 300 սաների համար դռները կբացի մարտից: Շենքը հարմարեցվել է նաև սահմանափակ շարժունակություն ունեցող անձանց համար։ 
Ծրագրով ևս 35 մանկապարտեզում կիրագործվեն էներգաարդյունավետության առանձին միջոցառումներ: Ծրագիրն էապես կնպաստի էլեկտրաէներգիայի խնայողությանը՝ տարեկան 1305 տոննայով նվազեցնելով նաև CO2-ի արտանետումը: 
«Նախատեսվում է կնքել նոր համաձայնագիր, որի համաձայն կնորոգվի 32 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա: Մենք շարունակում ենք բոլոր ջանքերն ու նվիրումը ներդնել Երևանի համար նոր էներգաարդյունավետ նախագծերի զարգացման գործում»,- նշում է Լևոն Հովաննիսյանը: 
Քաղաքային իշխանությունը մտադիր է առաջիկա տարիներին լուծել ոչ միայն նորոգման, այլև հերթագրման խնդիրը:  Շենքային պայմանների բարելավումը որոշ մանկապարտեզներում հնարավորություն կտա ավելացնել հաճախող երեխաների թիվը: Կկառուցվեն նաև նոր մանկապարտեզներ:

Տեսանյութ

47 մանկապարտեզը Երևանի էներգաարդյունավետության ծրագրով վերակառուցվել ու վերաբացվել է