Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին

01.11.2021

Երևանյան փողոցների դիտահորերը տասնամյակներ ի վեր իսկական գլխացավանք են դարձել հատկապես վարորդների համար: Մաշված կափարիչներն ու ասֆալտի նստվածքը լրջորեն խաթարում են անվտանգ երթևեկությունը: Խնդրի ուղղակի պատասխանատուն կապի, կոյուղու կամ այլ ծառայություններ մատուցող կազմակերպություններն են, որոնք տնօրինում ու օգտագործում են դիտահորերը, բայց համայնքը, կարևորելով քաղաքի բնակիչների անվտանգությունը, ստանձնել է խնդրի լուծումը։ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ այս տարվանից մեկնարկեց դիտահորերը ճանապարհներին հավասարեցնելու և կափարիչները փոխարինելու փորձնական ծրագիրը:


«Խնդիրը Երևանի համար շատ դժգոհությունների առիթ էր դարձել: Ծրագիրը, ճիշտ է, կատարվում է Երևան համայնքի կողմից՝ քաղաքապետի հանձնարարությամբ, բայց այն այդքան էլ մեր տիրույթում չէ, որովհետև սա «Վեոլիա Ջուր», ջրօգտագործող ընկերությունների և տնտեսվարողների խնդիրն է, որոնք սեփականատերեր են և իրենց են պատկանում բոլորը՝ թուջե մտոցները, դիտահորերի կափարիչները և այլն»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:


Երևանում ընդհանուր առմամբ 16 000 դիտահոր կա: 2021-ին աշխատանքներ կտարվեն շուրջ 1800-ի նկատմամբ: «Ծրագրում 900 հատ թուջե կափարիչի վերաձուլում ունենք, 300 հատ դիտահորի մաքրում, 50 անձրևորսիչների վերատեղադրում, 250 հատ հին դիտահորի վերատեղադրում և 60 հատ նոր պանելների տեղադրումով փոխարինում: Մենք ասֆալտապատման ծրագրով էլ ունենք դիտահորերի անձրևորսիչների ուղղման աշխատանքներ»,- ասում է Գրիգոր Հարությունյանը:


Փորձնական ծրագրի մեծ մասը բաժին է ընկնում կենտրոնին, աշխատանքներ են տարվում նաև մյուս վարչական շրջաններում: Ծրագիրն իրագործելու նպատակով Երևան համայնքի բյուջեից ավելի քան 68 մլն դրամ կծախսվի:

Տեսանյութ

Անվտանգ երթևեկություն. դիտահորերը հավասարեցվում են ճանապարհներին