Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ու պատերազմների մասնակից մի շարք այլ խմբերի համար

23.05.2023

Երևանի ավագանու որոշմամբ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ են տրամադրվել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու ընթացքում մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանքներ կատարելու, հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքներին: 
***

Համայնք-մասնավոր գործակցությամբ կհիմնանորոգվի գեղասահքի նախկին մարզադպրոցը. Երևանի ավագանին միաձայն քվեարկությամբ հավանություն տվեց որոշման նախագծին: «Էվոկաբանկ» ընկերությունն այդ նպատակի համար շուրջ 300 մլն դրամ է նվիրաբերել համայնքին: Վերակառուցման ծրագրի ավարտից հետո մարզական օջախը կկոչվի «Երևան քաղաքի մենապայքարային մարզաձևերի բարձրագույն վարպետության մարզադպրոց» և իր պայմաններով բոլոր հավաքականների համար կլինի նոր հարթակ՝ միջազգային մրցաշարերում հաջողություններն ամրապնդելու և նոր հաղթանակներ գրանցելու համար: 
***
Երևան համայնքը բնակարան է նվիրել ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Գևորգյանին՝ Ֆորշին: Ավագանու որոշմամբ Երևանի սեփականություն համարվող Շինարարների 15 շենքի 70 քմ․ մակերեսով 63 բնակարանը սեփականության իրավունքով անհատույց նվիրաբերվել է երգահանին։ 

***
Երևանի մի շարք փողոցներ են անվանափոխվել. Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 4-րդ փողոցը՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Երեմ Վարդանյանի, Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 10-րդ փողոցը՝ հայ երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 13-րդ փողոցը (նրբանցքով հանդերձ)՝ հայ քանդակագործ, ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Այծեմնիկ Ուրարտուի, Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 11-րդ փողոցը՝ հայ նկարչուհի, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Արփենիկ Նալբանդյանի, Աջափնյակ վարչական շրջանի Աբելյան փողոցին զուգահեռ Հալաբյան-Շինարարներ փողոցների միջև ընկած փողոցը՝ դերասանուհի, Երևանի պատվավոր քաղաքացի, ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վարդուհի Վարդերեսյանի և Աջափնյակ վարչական շրջանի` Մազմանյան փողոցից սկսվող Բաշինջաղյան փողոցով ավարտվող փողոցը՝ դերասանուհի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի անվամբ:   
***
Նիստին հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին:  
***
Երևանի ավագանու հաջորդ՝ հերթական նիստը կգումարվի հունիսի 27-ին: