ՀՀ նախագահն ու քաղաքապետն այցելել են նկարիչ Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոց

01.12.2022

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հյուրընկալվել են ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի պատվավոր քաղաքացի Հակոբ Հակոբյանի բնակարան-արվեստանոցում, ծանոթացել արվեստագետի ինքնատիպ և հաճախ չցուցադրվող գործերին:

Նկարչի այրու՝ տիկին Մարիի և դստեր՝ Նորայի հետ զրույցում նախագահն ու քաղաքապետը խոսել են Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանի առթիվ նախատեսվող միջոցառումների և ծրագրերի մասին: Նկարչի ստեղծագործական ժառանգության պահպանման, ցուցադրման ու հանրայնացման կարևորությանն անդրադառնալով՝ հարազատները մատնանշել են թանգարան չունենալու խնդիրը: Երևանի քաղաքապետը շտապել է նշել, որ համայնքը դիտարկում է մի քանի հասցե, որտեղ հնարավոր է տեղակայել թանգարանը:
«Մշակութային այս ժառանգությունը պետք է ներկայացվի ըստ արժանվույն: Պետք է համատեղ աշխատանքն տանենք՝ Երևանում մշակութային կարևոր կենտրոն ստեղծելու համար»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Հանդիպման ընթացքում արվեստագետի ընտանիքի անդամները մայրաքաղաքում Հակոբյանի քանդակների բրոնզաձույլ տարբերակը տեսնելու ցանկություն են հայտնել՝ նկատելով, որ նրա աշխատանքներից մեկն էլ գտնվում է հենց շենքի բակում: Քաղաքապետը տեղեկացրել է, որ հաջորդ տարի շենքի բակային տարածքն ամբողջությամբ բարեկարգվելու է՝ հակոբյանական ձեռագրի շուրջ ձևավորելով հարմարավետ ու յուրօրինակ միջավայր:
Գնահատելով քաղաքի կառավարման գործում երիտասարդ ներուժի ներդրումը՝ տիկին Մարին համոզմունք է հայտնել, որ քաղաքի զարգացման ծրագրերում ընդգծված կլինի մշակութային արժեքների պահպանումն ու տարածումը:
Անմիջական ու ջերմ զրույցում նախագահն ու քաղաքապետը քննարկել են ընտանիքին հուզող մի շարք այլ խնդիրներ ևս:

Լուսանկարներ