«Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» ծրագրին». քաղաքապետ Տարոն Մարգարյան

25.04.2017

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքում իրականացնել ներքին շաբաթօրյակներ՝ կարևորելով մեր համաքաղաքացիների մասնակցությունն այդ նախաձեռնությանը։
Քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեք» ընկերությանը, կոմունալ ծառայություններին, վարչական շրջանների համապատասխան ծառայություններին գույքագրել աղբի կուտակումների քրոնիկ վայրերը, իսկ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը, ինչպես նաև քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանին՝ ուշադիր լինել քաղաքացիների կողմից համացանցում մատնանշվող հասցեներին և օպերատիվ կերպով փոխանցել կոմունալ ծառայություններին։
«Մենք կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ «Մաքուր Երևան» նախաձեռնությանը՝ խնդրելով, որպեսզի իրենք ևս իրենց ակտիվ մասնակցությունն ունենան այս հարցում: Հորդորում ենք Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների սոցիալական ցանցերի էջերի միջոցով մեր համապատասխան կառույցներին փոխանցել այն հասցեները, որտեղ անհրաժեշտ է իրականացնել սանմաքրման աշխատանքներ: Մենք միասին պետք է մաքուր պահենք մեր քաղաքը: Միաժամանակ, կոչ եմ անում քաղաքային բոլոր ծառայություններին ևս յուրաքանչյուր շաբաթ օր միանալ այս նախաձեռնությանը և ընդհանուր օգտագործման տարածքներում, սեփական տարածքներում իրականացնել շաբաթօրյակներ»,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին