Տուն-թանգարանը բացվել է 1967թ.` նկարչի օրոք, նրա նվիրաբերած 50 ստեղծագործությունների նախնական հավաքածուով: Այժմ թանգարանում ներկայացված է 240 թանգարանային առարկա, որոնք ամփոփում են Վարպետի ստեղծագործական գործունեության հիմնական փուլերը` ուսանողական առաջին աշխատանքներից մինչև ուշ շրջանի գեղանկարները, գծանկարները, ընդհուպ` վերջին կտավը՝ «Հեքիաթ» գեղանկարը: Մշտական ցուցադրությունում ընդգրկված են Մ. Սարյանի նախահեղափոխական (1895-1917թթ.) և հայաստանյան (1921-1972թթ.) շրջանների գեղանկարները, ներառյալ` 1904-1907թթ. «Հեքիաթներ և երազներ» շարքը, նրա ստեղծագործության գլուխգործոցները` «Ջրհորի մոտ. շոգ օր», «Ինքնադիմանկար», «Քայլող կինը», «Գիշերային բնանկար», «Եգիպտական դիմակներով նատյուրմորտ», «Արևելյան ծաղիկներ», «Երեք հասակ» ինքնադիմանկարը:
Մոտ երեք տարի տևած վերանորոգման աշխատանքներն ավարտից հետո Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի նոյեմբերի 8-ին վերաբացվեց: Թանգարանը համապատասխանեցվել է ժամանակակից պահանջներին ու ապահովվել անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ այցելուներին որակյալ սպասարկելու և գիտական ու կրթական ծրագրեր իրականացնելու համար:
Հիմնադրվել է1963թ.այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև: Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք:Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:
Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959):
1973թ. ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով: Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր: Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:
Արա Սարգսյանի ստեղծագործությունը համատեղում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, կոթողային վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը: Արվեստագետի բազմաժանր, հորինվածքային տարբեր լուծումներով ստեղծված զանգվածեղ գործերի, թեմատիկ բազմաֆիգուր կոմպոզիցիաների, բարձրաքանդակների և կոթողային գործերի կողքին առանձին տեղ են զբաղեցնում փոքրածավալ աշխատանքները, հատկապես քնքշության և ջերմության զգացումով կերտված կանացի նրբագեղ իրանները:
Նրա արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն կերպով տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին, մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:
Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում: 1932թ. Արա Սարգսյանը հիմնադրել է Հայաստանի նկարիչների միությունը և մինչև 1937թ. եղել է միության նախագահը: 1945թ. նա ստեղծել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը և 15 տարի զբաղեցրել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:
Նրան աշակերտել են վաստակաշատ քանդակագործներ Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սարգիս Բաղդասարյանը, Լևոն Թոքմաջյանը և ուրիշներ, որոնք շարունակել և զարգացրել են հայ քանդակագործության մեջ մեծ վարպետի ուրվագծած ուղին:
Երկար տարիներ Մեծ վարպետը թաքցնում էր իր գաղտնիքը, որը բացահայտվեց եվրապական թերթերից մեկում և Արշավիր Շիրակյանի «Նահատակներուն կտակ» գրքում, որտեղ քանդակագործի անունը նշվում էր՝ Ա. Ս.: Բոլորին հայտնի դարձավ, որ Արա Սարգսյանը եղել է «Նեմեսիս» օպերացիայի ղեկավարներից մեկը: Չնայած այդ ամենին նա դարձավ առաջին հայ քանդակագործը, որը արժանացավ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամի կոչմանը և Սովետական միության ժողովրդական նկարիչի կոչմանը:
Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը: Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:
Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում: Հ. Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը: Իր կատվներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին:
Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում: Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը, նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտային մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես հեքիաթներում:
Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն ներկայացուցիչերից է: Նրա լավագույն ձևավորումների թվին են պատկանում «Սայաթ-Նովայի» բանաստեղծություների ժողովածուն, Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և այլն:
Տուն-թանգարանի հիմնական խնդիրը մշտական ցուցադրությունը պահպանելն է: Երկու մեծ արվեստագետների անցած ստեղծագործական ուղին ներկայացված է երկու հարկերում: Պահոցը թվայնացվում է, համագործակցում ենք Dasaran.am կայքի հետ: Համագործակցում ենք Սուրբ Զորավոր եկեղեցու երաժշտական Զորավոր մանկուք խմբի հետ, նաև պատրաստվում ենք կազմակերպել կերպարվետի խմբակ:
Արա Սարգսյանի աշխատանքներից.
Գյումրի քաղաքի Մայր Հայաստան (Կոթողի) բնօրինակը (1968թ.); Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց (1943թ.), որը 2001թ.-ին տեղադրվել է ԵՊՀ-ի դիմաց;
Հակոբ Կոջոյանի աշխատանքներից. Սասունցի Դավիթ հայտնի կտավը (1958թ.); Սասունցի Դավթի ծնունդը կտավը (1948թ.);
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ
Թանգարանն իրականացնում է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և ներկայացումը հանրությանը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում:
2011 թ. Կասկադի հարևանությամբ Նիկոլա Սարկոզիի և Սերժ Սարգսյանի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացվեց Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որի ցուցանմուշների կազմում են աշխարհահռչակ երգչի ձայնասկավառակները, գրքերը, պարգևները և պաստառները։
Թանգարանի վերգետնյա հատվածը զբաղեցնում է ցուցադրասրահը, մյուս հարթությունում տեղակայված են ընդունելությունների սրահը, դահլիճ, իսկ վերին երկու հարկերում՝ բուն կեցավայրն է: Թանգարանի հեղինակ-ճարտարապետն է Նարեկ Սարգսյանը:
«Ֆրիտյոֆ Նանսեն թանգարան» ՀՈԱԿ-ը բացվել է 2014 թվականին, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Նանսենի փողոց, 4/4 հասցեում (բարերարներ՝ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններ, ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան):
Թանգարանի մակերեսը՝ 40.6 քմ.:
Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը:
Թանգարանի այցելուները ցուցադրվող հայերեն գրքերի, ֆիլմերի, ցուցապաստառների, քանդակներիև թողարկված հոբելյանական նյութերի միջոցով ծանոթանում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը:
Ֆրիտյոֆ Նանսենը բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նա առաջինն էր, որ չքավորին օգնելը կարեկցանքի աստիճանից վերածեց գործնականի՝ ապրելակերպի, իսկ անձնական բարեգործությունը՝ պետական քաղաքականության մակարդակի:
Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը՝ հանուն մարդու իրավունքների և արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետն սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:
Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հսկայական ողջ նվաճումը կարելի է բաժանել հիմնական երեք խմբի.
Ռազմագերիներին, սովյալներին ու Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին ցուցաբերած աջակցությունը:
Ազգերի Լիգային նրա աջակցությունը:
Նանսենյան օգնության կոմիտեի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանում (Վոլգայի ավազանում) և Ուկրաինայում շուրջ տասը միլիոն մարդկային կյանք փրկվեց: Անգնահատելի է Ֆ. Նանսենի դերը թուրք ճիվաղների հրահրած և իրագործած Հայոց մեծ եղեռնից ու հույն - թուրքական պատերազմից մազապուրծ քաղաքակիրթ քրիստոնյա երկու ժողովուրդների փրկությանև օգնության գործում:
320 հազար հայեր Նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50 հազար հայեր Հունաստանից գաղթեցին Մայր հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆրիտյոֆ Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական - հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկներն, իբրև փաստաթղթային ապացույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհավատչյան:
Փաստաթղթերը, այնուամենայնիվ, չէին կարող պահել Ֆրիտյոֆ Նանսենի հոգու թրթիռները, երբ նաքայլում էր հին Երևանի փողոցներով կամ երբ մասնակցում էր Շիրակի ջրանցքի բացմանը: Նրա հայաստանյան տպավորությունները վերածվեցին սիրո խոստովանությունների, որոնցում մեզ հատկապես պարտավորեցնող էին նրա հետևյալ խոսքերը. «Իմ հույսն է կարողանալ նորից վերադառնալ...»: Քաղաքականության և բարոյականության հաշտեցման ճանապարհին Ֆրիտյոֆ Նանսենին ուժ էին հաղորդում հայ որբուկների սովահար աչքերը:
Տակավին 1906 թվականին Իզմիր քաղաքում հայերեն հրատարակվել է Ֆ. Նանսենի «Դեպի Բևեռ» գիրքը: Սա հայ ընթերցողի առաջին ծանոթությունն էր անվանի գիտնական-բևեռախույզին: Իսկ 1925-ի հայաստանյան ուղևորությունից հետո Ֆրիտյոֆ Նանսենի հրատարակած «Խաբված ժողովուրդ» գիրքը Հայ դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված լավագույն գրքերից մեկը:
Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00
Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, Ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հունվարի 9-ի N 9 որոշումով` նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով:
Թանգարանը կոչված է նաև նպաստելու երկրում քաղաքական այն մշակույթի զարգացմանը, որին դավանում էր Կարեն Դեմիրճյանը իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում:
Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդերում:
Թանգարանի նիստերի դահլիճում անց են կացվում գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ: Թանգարանում թեմատիկ ցուցահանդեսներով լուսաբանվում են Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի 1960–1990 թթ. պատմության հիմնախնդիրները:
Թանգարանն ունի հետևյալ բաժինները՝ գիտահետազոտական, ցուցահանդեսների կազմակերպման և էքսկուրսիոն, վարչատնտեսական:
Թանգարանը համագործակցում է մի շարք թանգարանների և ուսումնական հաստատությունների հետ: Նշանավոր ցուցանմուշներն են Կ. Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը (ձեռագիր), ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, Կարեն Դեմիրճյանի պետական պարգևները, Կարեն Դեմիրճյանի ձեռագիր հուշագրությունները, Կարեն Դեմիրճյանի անձնական իրերը:
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 11:00-17:00
Հայաստանի բնության պետական թանգարանը եզակի է տարածաշրջանում հավաքածուներով ու թանգարանային արժեքներով: Թանգարանի հիմնական ֆոնդում ընդգրկված են Հայաստանի կենդանական ու բուսական աշխարհի կենսաբազմազանության յուրահատուկ նմուշներ, որոնք անցյալ երկրաբանական դարաշրջաններից պահպանվել են գրեթե անփոփոխ, անհետացած են կամ հազվագյուտ և ընդգրկված են Հայաստանի ու Բնության պահպանության միջազգային միության Կարմիր գրքերում: Հավաքածուն արտացոլում է մեր երկրի բնության յուրահատկություններն ու ընդերքի հարստությունը: Հիմնական ֆոնդում ներառված են կենդանաբանական, բուսաբանական,երկրաբանական,կերպարվեստի լուսանկարներ:Ներկայացված են կաթնասունների,թռչունների,սողունների,երկկենցաղների,ձկների,միջատների,սարդակերպերի խրտվիլակներ,կմախքներ,մաշկեր,փափկամարմինների խեցիներ,ծառերի կտրվածքներ,հերբարիումի,բրածո բույսերի ու կենդանիների,օգտակար հանածոների նմուշներ,յուղաներկ կտավներ,գծանկարներ և այլն:
Հիմնադրվել է 1977թ.: Հիմնական նպատակն է հավաքել, պահպանել և զարգացնել ազգային փայտարվեստի հարուստ ավանդույթները: Ցուցադրությունը բաղկացած է քանդակի, կիրառական արվեստի և հնագույն մշակույթի բաժիններից:
Հեղինակները նկարիչներ, քանդակագործներ և կիրառական արվեստի վարպետներ են: Այստեղ կազմակերպվում են թեմատիկ և հեղինակային ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ, դասախոսություններ: Կրթական-ուսուցողական ծրագրեր են իրագործվում մարզերում և Արցախում:
Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:
«Կալենց թանգարանը» հանրության առաջ իր դռները բացեց 2010 թվականի ապրիլի 27-ին` մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց:
«Կալենց թանգարանը» ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո և Արմեն Կալենցների միահամուր ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուները դրվեցին թանգարանային ցուցադրությունների հիմքում:
Մշտական ցուցադրությունից, ինչպես նաև հավաքածուի նյութերց կազմված ժամանակավոր ցուցահանդեսներ անցկացնելուց բացի «Կալենց թանգարանում» սկսած 2011 թվականից կազմակերպվում են հրավիրված ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ:
Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս օժանդակել առաջավոր գեղարվեստական մտքի զարգացմանն ու արվեստագետների փոխըմբռնմանը և ապագայում կդառնա թանգարանի ցուցահանդեսային գործունեության կարևոր բաղադրիչը:
Այն ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվեցին մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց դրվեցին տնային գործածության զանազան իրեր:
1948 թվականի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվեցին, իսկ հինգ տարի անց, 1953թ. գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվեցին նոր ցուցասրահներ:
1978թ. կառուցվեց ցուցասրահների նոր շենքը, որի հեղինակներն են ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը և կոնստրուկտոր Իլյա Մանուչարյանը:
Տուն-թանգարանի ցուցասրահը բաղկացած էր հիմնական 10 բաժիններց, 500 քառակուսի մետր տարածքով:
2010թ. ցուցասրահը վերանորոգվեց, բաժինները համալրվեցին ևս երկուսով, ինչպես նաև նոր ու արժեքավոր նյութերով: