ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Էներգիայի օրերը Երևանում

Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: Քաղաքների կողմից կազմակերպված միջոցառումները գրանցվում են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա պաշտոնական կայք-էջում և ապահովում Եվրոպական միության անդամ երկրների շրջանակում մեծ տեսանելիություն և անվճար գովազդային աջակցություն:
2021 թվականին Եվրոպական միության Կայուն էներգիայի շաբաթվա օրեր էին սահմանվել հոկտեմբերի 25-ից 29-ը ընկած ժամանակահատվածը:
Երևանի քաղաքապետարանը ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ միջոցառումների շրջանակում 2021 թվականի հոկտեմբերի 27-ին նախաձեռնեց և կազմակերպեց «Էներջի սիթի» խորագիրը կրող հաքաթոնը և «Աշակերտները կլիմայի համար» միջոցառումը:

 


ԷՆԵՐՋԻ ՍԻԹԻ ՀԱՔԱԹՈՆ

 

Միջոցառումների ժամանակ ներկայացվեց քաղաքային իշխանության կողմից էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ոլորտում իրականացված և իրականացման ընթացքում գտնվող ծրագրերի, դրանց բնապահպանական արդյունքների և մարդկանց կյանքի որակի բարելավմանն ուղղված գործողությունների վերաբերյալ հոլովակներ, ներկայացումներ: Քաղաքային կանաչ լուծումները, «կանաչ» տրանսպորտը, էներգախնայողությունը, վերականգնվող էներգիայի օգտագործումը, աղբի կառավարում և տեղեկատվական տեխնոլոգիաները «կանաչ» տնտեսության զարգացման գործիքներն են: Թիմերի բաժանված մասնակիցներն աշխատեցին հենց այս թեմաների շուրջ՝ առաջարկելու բարեփոխումների լավագույն և նորարարական լուծումներ:
Երևանի քաղաքապետարան էին հրավիրվել նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող կրեատիվ մարդիկ, ծրագրավորման և տվյալների վերլուծության հմտություններ ունեցող երիտասարդներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ:
Միջոցառումը տևեց 12 ժամ: Մասնակիցները բաժանվեցին 2-5 հոգուց բաղկացած թիմերի և սահմանված ժամանակահատվածում մշակեցին կլիմայական մարտահրավերի հետ կապված լուծումներ: Նախօրոք կազմված գնահատող հանձնաժողովի կողմից ընտրվեց 2 թիմ, որոնք մրցանակ ստացան 2 անվանակարգերում՝ «Լավագույն լուծում» և «Լավագույն նորարարական լուծում»: Ժյուրիի գնահատմամբ՝ «Լավագույն լուծումը» Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմինն էր: Երիտասարդները մեկ նախագծով միանգամից 3 լուծում էին գտել՝ կլիմայական մարտահրավերին դիմակայելու, օդի աղտոտվածությունը նվազեցնելու և քաղաքի տրանսպորտային հոսքերը թեթևացնելու համար, իսկ «Լավագույն նորարարական լուծումը» Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի թիմի առաջարկն էր:
Հաղթողներին հանձնվեցին նաև պատվոգրեր: Էներգիայի շաբաթվա ընթացքում նախատեսվեց նաև միջոցառումներ անցկացնել դպրոցականների համար:

 

 


ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ԿԼԻՄԱՅԻ ՀԱՄԱՐ


«Աշակերտները կլիմայի համար» խորագրով երկօրյա միջոցառումն անցկացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի շրջանակում և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև արևային պանելներ արտադրող «Սոլարոն» ընկերության հետ համագործակցությամբ: Ծրագրին մասնակցեցին մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների 120 աշակերտներ: Պատանիները ծանոթացան կլիմայի փոփոխությանն ու առկա մարտահրավերներին, դրա կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, այդ թվում` վերականգնվող էներգիայի կիրառման կարևորությանն ու, մասնավորապես՝ արևային էներգիայի օգտագործմանը, տեղում ծանոթացան նաև արևային ֆոտովոլտային համակարգերի արտադրման գործընթացին:
Միջոցառման շրջանակում դպրոցականներին համառոտ ներկայացվեց «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը, որի շնորհիվ, 90 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրելով արևային ֆոտովոլտային կայաններ, նվազում է շենքերի էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները, ինչպես նաև շենքերը վերազինվում են ներշենքային և բակային լուսավորության համակարգերով, որոնք սնուցվում են անմիջապես արևի էներգիայով: Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող ծրագրի շահառու է մոտ 26000 բնակիչ, այդ թվում` երեխաներ:
«Աշակերտները կլիմայի համար» միջոցառման նպատակն էր նաև մեր փոքրիկ բնակիչներին իրազեկել կլիմայի փոփոխությունների և այս խնդրի լուծմանն ուղղված քաղաքային ծրագրերի մասին: Միջոցառման ընթացքում մասնակիցները նաև ստուգեցին իրենց գիտելիքները` լրացնելով հատուկ հարցաթերթեր: Առավել ակտիվ և բարձր միավորներ հավաքած մասնակիցներն արժանացան խրախուսական մրցանակների:

 

 

Լուսանկարներ