ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր»

Երևան քաղաքի ավագանու 2014 թվականի սեպտեմբերի 9–ի հ.204-Ա որոշման համաձայն Երևանի քաղաքապետարանը, միանալով Եվրոպական միության «Քաղաքապետների Դաշնագիր» նախաձեռնությանը, պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների շրջանակներում մինչև 2020 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումներն առնվազն 20%-ով և նպաստել քաղաքային տնտեսության զարգացմանը՝ կայուն էներգետիկ զարգացման սկզբունքներին համապատասխան: 

Ներկայումս կլիմայի փոփոխությունը, ռեսուրսների սղությունը, քաղաքային բնակչության թվի աճը և բարելավման կարիք ունեցող էկոմիջավայրը խնդիր է բոլոր քաղաքների համար ողջ աշխարհում: 
Երևանը կարևորում է այս խնդիրը և պատահական չէ, որ քաղաքը, ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղակի կամ անուղղակի նպաստում են արտանետումների կրճատմանը և էներգառեսուրսների արդյունավետ օգտագործմանը: 
Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիրը /ԿԷԶԳԾ/ մշակվել է քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից տրամադրված տեխնիկական աջակցության շրջանակում՝ «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ» ՀԿ հետ համատեղ:
Ծրագիրը նախանշում է քաղաքային տնտեսության ենթակառուցվածքներում էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները, որոնց իրականացումը կհանգեցնի էներգետիկ ռեսուրսների սպառման նվազեցմանը, ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը և բնական միջավայրի բարելավմանը։ Ծրագրում ներառված են էներգախնայողությանը, էներգաարդյունավետությանը, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի կիրառմանն ուղղված համապատասխան միջոցառումներ քաղաքային տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային, ինչպես նաև բնակելի շենքերում, հանրային ծառայությունների մատուցման և այլ ոլորտներում: 
Այդ նպատակով գույքագրում և ուսումնասիրություն է կատարվել քաղաքային տնտեսության բոլոր այն ոլորտներում, որտեղ առկա է էներգառեսուրսների զգալի սպառում և հետևաբար նաև արտանետումներ։ Գույքագրման արդյունքների հիման վրա գնահատվել է էներգասպառման և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման ներուժը, կազմվել է ջերմոցային գազերի (հիմնականում ածխաթթու գազ) արտանետումների բազային կադաստրը: Վերոնշյալ աշխատանքների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետի 2014թ. դեկտեմբերի 25–ի հ.1090-Ա կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ:
Քանի որ, Ծրագրի մշակման ուղեցույցների և մեթոդաբանության համաձայն որպես ելակետային պետք է ընտրել ամենավերջին տարին, որի համար առկա է բավարար որակի վիճակագրություն, ուստի Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի» ելակետային տարի է ընտրվել 2012 թվականը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին մանրամասն էներգետիկ հաշվեկշիռը կազմվել է 2012 թվականի համար: 
ԿԷԶԳԾ-ում դիտարկվել են այն ոլորտները, որտեղ առաջարկվող միջոցառումների իրականացման համար կան համապատասխան ռեսուրսներ, առկա է տեղական գործընկերների և միջազգային կազմակերպությունների աջակցությունը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունը։ Նախատեսվում է նաև աշխատանքներ իրականացնել բնակչության թիրախային խմբերի և անհատ քաղաքացիների հետ՝ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև համապատասխան ծրագրերում վերջիններիս ներգրավման նպատակով: 
Ծրագրիը բաղկացած է 11 բաժիններից, որոնցում ներկայացված է համապատասխան ոլորտի էներգասպառման և արտանետումների մակարդակը, ինչպես նաև մեղմման միջոցառումներն՝ ուղղված էներգասպառման կրճատմանը և ջերմոցային գազերի արտանետումների կանխարգելմանը: 
Ընդհանուր առմամբ ելակետային տարվա համար ջերմոցային գազերի արտանետումները կազմել են շուրջ 920.000 տոննա, իսկ 2020թ. համար կանխատեսվողը՝ 1.150.000 տոննա: Համայնքային ենթակայության և համակարգման բոլոր ոլորտներում ելակետային 2012 թվականից իրակացված, շարունակվող և նախատեսվող ծրագրերի ու համալիր միջոցառումների իրականացման արդյունքում Երևանի համայնքային ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. կանխատեսվող արտանետումների համեմատ կարող են կրճատվել շուրջ 21%-ով, որը համարժեք է 237.000 տոննա C02–ի՝ միաժամանակ հանգեցնելով էներգասպառման 16% նվազեցման:

 

Երևան քաղաքի Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագիր

Լուսանկարներ