ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն

«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն

Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Քանաքեռ-Զեյթուն ծննդատունը» հիմնադրվել է 1950-ական թվականներին։ Սկզբում գտնվել է 8-րդ բուժմիավորման կազմում, բնակչությանը հայտնի էր որպես 8-րդ ծննդատուն և մինչ օրս մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների մանկաբարձական և գինեկոլոգիական ծառայություններ մատուցող միակ պետական բուժհաստատությունն է։
2017թ. կայացել է ծննդատան հանդիսավոր վերաբացումը և այժմ այն գործում է որպես ինքնուրույն՝ III մակարդակի բուժհաստատություն։
2016-2017թթ. քաղաքապետարանի կողմից իրականացվել է ծննդատան հիմնովին, արդիական վերակառուցում, վերանորոգում և վերազինում, որի շնորհիվ այն դարձել է ինքնատիպ, յուրօրինակ, լուսավոր, հարմարավետ, մայրաքաղաքի ժամանակակից և մրցունակ բժշկական կենտրոններից մեկը։

 

Ծննդատանն իրականացվում են մանկաբարձագինեկոլոգիական ծառայություններ հետևյալ բաժանմունքներում՝ 

• Բարձր ռիսկի հղիների բաժանմունք
• Ծննդաբերական բաժանմունք
• Հետծննդյան բաժանմունք
• Նեոնատոլոգիական ծառայություն
• Գինեկոլոգիական բաժանմունք
• Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունք
• Ներզատագինեկոլոգիական բաժանմունք
• Լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն

 

Ծննդատանն արհեստավարժ, բարձրակարգ մասնագետների, հմուտ և հոգատար միջին բուժանձնակազմի շնորհիվ ողջ ծավալով իրականացվում է 24-ժամյա մանկաբարձագինեկոլոգիական և նեոնատալ բարձր մակարդակի բուժօգնություն, որին նպաստում են շուրջօրյա լաբորատոր և ֆունկցիոնալ ախտորոշումը, անեսթեզիոլոգիան և վերակենդանացումը, բոլոր նեղ մասնագետների խորհրդատվության ապահովումը։
Ծննդատունն ունի նորագույն օդափոխման համակարգ, առանձին կաթսայատուն, որն ապահովում է տարվա ցուրտ ամիսներին բաժանմունքներում անհրաժեշտ ջերմային պայմաններ՝ ինչպես ծննդկանների, այնպես էլ նորածինների համար։ Գործում է սեփական թթվածնի կայանը, որից կենտրոնացված ձևով սնուցվում է ծննդատունը։
Ծննդատան հիվանդասենյակները նախատեսված են 2 կամ 3 մահճակալի համար, լուսավոր են, գեղեցիկ, հարմարավետ կահավորված, ունեն սանհանգույցը մշտական տաք և սառը ջրով, որոնք տրամադրվում են բացառապես անվճար։ Կան նաև վճարովի մեկսենյականոցներ և երկսենյականոցներ։
Ծննդատան առավելություններից մեկն էլ այն է, որ գտնվում է 2 խոշոր բազմաճյուղ հիվանդանոցների և Արյունաբանական կենտրոնի ընդհանուր տարածքում և պայմանագրային հիմունքներով, խիստ անհրաժեշտության դեպքում հնարավորություն ունի օգտվելու այդ հիվանդանոցների ողջ ներուժից։

 

Տնօրեն՝  Կարեն Կուտոյան
Հասցե՝  ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան փող., 7/2 շենք
Էլեկտրոնային հասցե՝  qz.cnndatun@gmail.com
Հեռ. (010) 28 51 45
(010) 28 52 88 

Լուսանկարներ