«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը հիմնադրվել է 1993թ. նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոց»-ի սրտի արատների և ռևմատոլոգիայի բաժանմունքի հենքով:
1994թ. հունիսին իր գործունեությունն է սկսել մանկական սրտի վիրաբուժության ծառայությունը: Ամերիկյան համահայկական հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ տարեկան վիրահատվել են սրտի բնածին արատներով 150-170 երեխաներ, իսկ 1996թ.-ից՝ նաև մեծահասակներ: Ստեղծվել է մեծահասակների սրտաբանական կլինիկա: Առաջին 5 տարիներին կենտրոնի վիրաբույժ Հրայր Հովակիմյանը, ով սկզբնապես Հայաստանում էր, վիրահատել է մոտ 350 մեծահասակների և երեխաների:
Ֆրանսիական «ԱՍԱՖ» բարեգործական կազմակերպության աջակցությամբ շատ սրտաբաններ վերապատրաստվել են Ֆրանսիայում: Զուգահեռաբար ամեն տարի Հայաստան էր այցելում մանկական սրտաբան Հրայր Գարաբեդյանը (Սփոքեյնի սրտի կենտրոն, Վաշինգտոն, ԱՄՆ) մասնագիտական խմբով՝ ներսրտային միջամտություններ կատարելու և նորաստեղծ ծառայությանն աջակցելու նպատակով:
Սրտի վիրաբուժության ծառայությունն արդեն իսկ տարածաշրջանում ճանաչված էր: Վիրահատվելու կարիք ունեցողների տարեցտարի մեծացող թիվը և հարևան երկրներում այդ բնույթի կենտրոնների բացակայությունը թելադրում էին աշխատակազմի ավելացում և պայմանների բարելավում:
Նախկին «Երկրորդ մանկական կլինիկական հիվանդանոց»-ը 1997թ. ամբողջովին վերամասնագիտացվեց և վերանվանվեց՝ վերածվելով սրտաբանության և սրտի վիրաբուժության «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի: Այն 1998-1999թթ. դարձավ տարածաշրջանի միակ մասնագիտացված կենտրոնը, որտեղ վիրահատվում էին նաև Վրաստանից, ՌԴ հարավից, Միջին Ասիայից և այլ վայրերից եկած բազմաթիվ հիվանդներ: ՌԴ մանկական ֆոնդի հետ կնքված պայմանագրով 5 տարի շարունակ հետխորհրդային երկրներից տարեկան 12 երեխա բարեգործական հիմունքներով վիրահատվում էր կենտրոնում:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն այսօր էլ շարունակում է պահպանել իր առաջատար դիրքն ու տարածաշրջանային նշանակությունը: Նախկին 37-ի փոխարեն այսօր կենտրոնն ունի 550 աշխատակից:
Կենտրոնի կառուցվածքային հիմնական միավորներն ու ծառայություններն են.
1. Ընդունարան
2. Մեծահասակների սրտաբանական կլինիկա
3. Մանկական սրտաբանական կլինիկա
4. Առիթմոլոգիկական կլինիկա
5. Սրտանոթային վիրաբուժության ծառայություն
6. Անոթային կլինիկա
7. Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայություն
8. Միջամտական սրտաբանական ծառայություն
9. Ռենտգենաբանական ծառայություն
10. Համակարգչային շերտագրման ծառայություն
11. Լաբորատոր ծատայություն և արյան բանկ
12. Համաճարակաբանական ծառայություն
Կաթետերիզացիոն լաբորատորիաները հագեցած են վերջին սերնդի 2 անգիոգրաֆներով: Տարեկան այստեղ իրականացվում է ավելի քան 4500 կորոնարոգրաֆիա և շուրջ 2000 ներանոթային՝ ինվազիվ միջամտություն:
Մանկական սրտաբանական կլինիկան տարեկան ունենում է շուրջ 15000 այցելություն, իրականացվում է բնածին արատներով երեխաների 200-ից ավելի բաց վիրահատություն և շուրջ 150 ինվազիվ միջամտություն: Մանկական սրտաբանական կլինիկայում իրականացվում է նաև պտղի սրտի ներարգանդային հետազոտություն (հղիների ֆետալ էխոսրտագրություն)՝ սրտի բնածին արատների վաղ հայտնաբերման նպատակով:
Մեծահասակների տարեկան այցելությունների թիվը շուրջ 50000 է (մեծահասակների սրտաբանական կլինիկա, առիթմոլոգիական և անոթային կլինիկաներ), բաց վիրահատությունները՝ շուրջ 500:
Կենտրոնում կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման):
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մահճակալային ֆոնդը 77 մահճակալ է:
«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնն Առողջապահության ազգային ինստիտուտի և Երևանի պետական բժշկական համալսարանի սրտաբանություն և սրտի վիրաբուժություն մասնագիտությունների հենքն է: Կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում, մասնակցում միջազգային մասնագիտական գիտաժողովներին: Կենտրոնում ձևավորված է ամենշաբաթյա կոնֆերանսների մշակույթ՝ Journal Club, անցկացվում են պաթանատոմիական քննարկումներ:
Տնօրեն` Միքայել Ադամյան
Հասցե` ք. Երևան, Արմենակյան108/4։
Էլեկտրոնային հասցե` norkmarashmc@gmail.am
Կայք` www.nmmc.am
Հեռ.` (010) 65-09-71