ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

««Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ

Տեսնել քարտեզի վրա
««Սուրբ Աստվածամայր» ԲԿ» ՓԲԸ

Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համապետական նշանակություն ունեցող խոշորագույն բուժմիավորումներից է, որը սպասարկում է Երևանի և մարզերի բնակչությանը: ԲԿ-ն կազմավորվել է 2005-2008թթ.-ին Համաշխարհային բանկի աջակցությամբ հայկական առողջապահական համակարգի բարելավման ծրագրով, միավորում է երեխաների և մեծահասակների բազմաճյուղ հիվանդանոցը, «Սուրբ Աստվածածին» ծննդատունը և «Արտաշիսյան» համաբուժարանը (պոլիկլինիկան): 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո պարզ դարձավ, որ երկիրը կարիք ունի այնպիսի բժշկական հաստատության, որը կկարողանա ապահովել բժշկական շտապ օգնության ամբողջական սպասարկումը: Այս նպատակով, որպես բազմաճյուղ մանկական բժշկական հաստատություն, ընտրվեց Երևանի մանկական շտապօգնության հիվանդանոցը, որը հետագայում դարձավ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիմնական կորիզը՝ հաշվի առնելով նրա հագեցվածությունը սարքավորումներով և մասնագիտական ներուժը: Բժշկական կենտրոնի խնդիրն է՝ բավարարել բնակչության առողջապահական կարիքները, բարձրորակ բուժօգնություն տրամադրելու գործում լինել առաջատար` կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները, օժանդակելով երիտասարդ մասնագետներ պատրաստելու գործին: Բացի այդ, նպատակ է դրված մեծացնելու բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` արհեստավարժ և պարտաճանաչ ձևով մատուցելով արդյունավետ բուժօգնություն: Այսօր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հիվանդանոցն առաջարկում է լայնածավալ բժշկական ծառայություններ, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար (մանկական վիրաբուժություն, նորածնային վիրաբուժություն, քիթ-կոկորդ-ականջ, մանկական կրծքային դիմածնոտային, պլաստիկ վիրաբուժություն, նյարդավիրաբուժություն, էնդոսկոպիկ վիրաբուժություն, վնասվածքաբանություն և օրթոպեդիա, ընդհանուր վիրաբուժություն, գաստրոէնտերոլոգիական, նյարդաբանական, մանկաբուժական, վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի, ներառյալ նորածինների հիվանդությունների բժշկական օգնություն): Հիվանդանոցի ախտորոշիչ հնարավորություններն ընդգրկում են կլինիկական, կենսաքիմիական, իմունաքիմիական, բակտերոլոգիական լաբորատորիաները, ուլտրաձայնային, ռենտգեն, համակարգչային տոմոգրաֆիայի և էնդոսկոպիկ հետազոտությունները: Բաժանմունքները հիմնականում լիովին վերանորոգված են, հարմարավետ՝ հիվանդների համար: Այստեղ են տեղակայված Հայաստանում միակ մանկական նյարդավիրաբուժությունը, մանկական կրծքային վիրաբուժությունը և հանրապետական մանկական գաստրոէնտերոլոգիական կենտրոնը: Նորածինների կրծքավանդակի և որովայնի խոռոչի բնածին արատների վերացումը հիվանդանոցի ձեռքբերումներից մեկն է: Փրկելով բազմաթիվ երեխաների կյանք՝ այդ վիրահատությունները Հայաստանում բացառապես կատարվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Հայաստանում առաջին անգամ այստեղ է կատարվել նաև երեխաների կերակրափողի հաջողված վիրաբուժական պլաստիկան, ինչպես նաև` սիամական զույգերի առանձնացումը։ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կլինիկական հենքն է: Այստեղ են տեղակայված ԵՊԲՀ-ի մանկական վիրաբուժության, թիվ 2 մանկաբուժության, նյարդաբանության, նյարդավիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջի, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, ռադիոլոգիայի, պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնները:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ն համագործակցում է Հայաստանի բժշկական բոլոր հաստատությունների, ինչպես նաև արտերկրյա հաստատությունների և մասնագետների հետ, այդ թվում՝ Մյունստեռի համալսարանական կլինիկայի (Գերմանիա), Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ), Մարսելի բժշկական տարածաշրջանային ստորաբաժանման հետ, միջազգային մանկական փոխպատվաստման հիմնադրամի աջակցությամբ ԱՄՆ-ում մասնագետներ են վերապատվաստվել լյարդի փոխպատվաստման ծրագրով:


***


«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի «Արտաշիսյան» համաբուժարանն ապահովում է բնակչությանը ամբուլատոր ծառայությանների ողջ ցանկով:
Հասցեն` Երևան,Արտաշիսյան 46/1; հեռ.՝  (010) 420152

 

***


2017թ. կրկին վերամիավորված «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի կազմում «Սուրբ Աստվածածին» ծննդատանը գործում են մանկաբարձական, հղիության, ախտաբանության, գինեկոլոգիական, նորածնային, անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունքները, կանանց խորհրդատվությունը, ախտորոշիչ ծառայությունը:
Հասցեն` Երևան, Հ/ԱԲ-4 թաղամաս, Բաբաջանյան 21
Հեռ.՝  (010) 72-78-01

Տնօրեն՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկական վիրաբույժ,
ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ,
բ.գ.թ. Նիկոլայ Դալլաքյան
Հասցե՝ ք. Երևան, Արտաշիսյան 46/1
Էլեկտրոնային հասցե՝ sa.mc@mail.ru
Կայք՝ www.sourbastvatsamayr.com
Հեռ.՝  (010) 46-18-41

Լուսանկարներ