ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Մետրոպոլիտեն

Մետրոպոլիտեն

Երևանի մետրոպոլիտենի պատմությունը


Երևան քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը, 35 տարեկան է։
1966-1970 թվականներին մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ հարցերից էր մարդատար տրանսպորտի շուտափույթ կարգավորումը: Խնդիրը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աճի աննախադեպ տեմպով:
1962-1964 թվականներին մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենի միջոցով բնակչության տրանսպորտային սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
1971 թվականին ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977 թվականին նաև համաձայնություն տրվեց, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության: Նախ սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ նաև շինարարները:
1981 թվականի մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեց 5 կայարան՝ «Բարեկամություն» - ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան,
«Մարշալ Բաղրամյան» - ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտղցյան, Ալբերտ Զուրաբյան,
«Երիտասարդական» - ճարտարապետներ՝ Ստեփան Քյուրքչյան, պատի քանդակը՝ կինը՝ Ռուզաննա Քյուրքչյան,
«Հանրապետության հրապարակ» - ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան,
«Սասունցի Դավիթ» - ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան,
իսկ հետագայում արդեն` 1983 թվականին՝
«Գործարանային» - ճարտարապետ՝ Հենրիկ Ղուկասյան,
1984 թվականին`
«Շենգավիթ» - ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան,
1986 թվականին՝
«Գարեգին Նժդեհի հրապարակ» - ճարտարապետ՝ Լևոն Գևորգյան,
1989 թվականին՝
«Զորավար Անդրանիկ» - ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան,
և 1997 թվականին՝
«Չարբախ» - ճարտարապետ` Վալտեր Մնացականյան
կայարանները։
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» ներկայումս ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, շահագործվում է 33-ը։
Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 15 մլն ուղևոր:
Այն տրանսպորտային միջոց լինելուց բացի, ունի նաև ռազմավարական նշանակություն: 2010 թվականի մարտի 10-ին ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի միջև համաձայնագիրը: Դրանով սկիզբ դրվեց «Երևանի մետրոյի վերականգնման ծրագրին», որին 2010 թվականի օգոստոսին միացան Եվրոպական ներդրումային բանկը և Եվրամիության հարևանության աջակցության ծրագիրը: Երեք մասնակից ֆինանսական կառույցներից յուրաքանչյուրի ներդրումն էր 5 մլն եվրո, երկուսը` վարկի, իսկ մեկը՝ դրամաշնորհի ձևով:


Ի՞նչ ուղղություններով են կատարվել ներդրումները


- վագոնների հնամաշ սայլակների փոխարինում և հիմնանորոգում,
- թունելային հատվածում ամբողջովին քայքայված բարձրավոլտ մալուխային համակարգի նորացում,
- թունելներում շուրջօրյա գործող ջրահեռացման համակարգի արդիականացում,
- հնամաշ գծային տնտեսության վերականգնում - 60%-ը։

 

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի 

I փուլ


Ծրագրի I փուլում նախատեսված բարեփոխումներն ամբողջովին ավարտված են:
Արդյունքները՝
գրեթե 66%-ով լուծվել է վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների փոխարինման խնդիրը՝ նոր և ժամանակակից սայլակներով,
- թունելային հատվածում խոնավ պայմաններում երկարամյա շահագործման հետևանքով քայքայված մալուխները փոխարինվել են ժամանակակից և ջրադիմացկուն մալուխներով՝ ապահովելով թունելներում միջկայարանային բարձրավոլտ միջակապերի հուսալի աշխատանքը,
- շուրջօրյա ջրահեռացման համակարգի, բոլոր պոմպակայանների և էլեկտրամատակարարման համակարգերի նորացում՝ մոտ 60%-ը,
Հարկ է նշել, որ ծրագիրը պատկանում է այն սակավաթիվ ներդրումային գործընթացներին, որտեղ կատարված գնումների շնորհիվ կան զգալի ֆինանսական տնտեսումներ՝ ընդհանուր ծավալի շուրջ 20 %-ի չափով, որն ամբողջությամբ ուղղվել է շարժակազմերի արդիականացմանը, և այդ տնտեսման հաշվին վերանորոգվել և նորացվել է 10 վագոն, որոնք զգալիորեն բարելավել են ուղևորների սպասարկման որակը և մեքենավարների աշխատանքային պայմանները:

 

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
II փուլ

 

Ծրագրի II փուլը լուծեց մետրոպոլիտենում հրատապ խնդիրները, որոնք են.
- մետրոյի ևս 8 վագոնների հիմնանորոգում և արդիականացում (ավարտված է),
- հրշեջ սարքավորումների մատակարարում (ավարտված է),
- մետրոյի մեքենավարների համար տրենաժորային (ուսումնավարժական) համակարգի նախագծում, մատակարարում և մոնտաժում (ավարտված է),
- մետրոյի վագոնների լվացման սարքավորումների նախագծում, մատակարարում ու մոնտաժում (ավարտված է, ներկայումս շահագործման հանձնված ավտոմատ լվացման կետը հաջողությամբ իրականացնում է հաստատված ժամանակացույցի համապատասխան շարժակազմերի լվացումը),
- «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոյի թունելների վերականգնողական աշխատանքները»  II փուլի ամենակարևոր և ամենածավալուն բաղադրիչն է` առկա դրենաժային թունելի՝ 1998թ.-ից ի վեր անավարտ շինարարությունը ավարտին հասցնելը՝ այն երկարաձգելով ևս 1 կմ՝ «Զորավար Անդրանիկ» կայարանից մինչև «Հանրապետության հրապարակ» կայարան ընկած ջրառատ հատվածի ջրահեռացումն ապահովելու նպատակով (աշխատանքներն ընթացքում են)։
Նշված բաղադրիչի իրականացման նպատակն է մետրոյի վազորդային թունելների ջրառատ հատվածում իջեցնել ստորգետնյա ջրերի մակարդակը և ներթափանցող ջրերը կառուցված թունելով ուղղորդել դեպի Հրազդան գետ և թունելներում աշխատող սարքավորումներն ազատել այդ ջրերի քայքայիչ ներգործությունից։
Ծրագրի II փուլով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին հնարավորություն է ընձեռվել արդիականացնելու մետրոպոլիտենի ևս 6 վագոն՝ ծրագրի սկզբից նորացված վագոնների ընդհանուր թիվը հասցնելով 24-ի։ Այս գործընթացը կշարունակվի մինչև վերջին վագոնի արդիականացումը։

2012թ. մայիսի 19-ին կայացած Վերակառուցման և զարգացման բանկի տարեկան գագաթաժողովի ընթացքում՝ Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագիրը համարվել է տարածաշրջանում լավագույն ծրագրերից մեկը։

 

Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
III փուլ

 

Ծրագրի I և II փուլերում լուծված խնդիրներից զատ մետրոպոլիտենում առկա խնդիրներն էին, որոնք լուծվել են երրորդ փուլի ընթացքում ՝
- շարժասանդուղքների հիմնանորոգում՝ 14 միավոր,
- մետրոպոլիտենի թունելների գլխավոր օդափոխման համակարգ` 12 հզոր օդափոխիչներ,
- վագոնների արդիականացում՝ 21 հատ,
- էլեկտրահավաքակայանի արտադրական, գնացքների գիշերակացի և ընդլայնված հատվածի՝ 7500 քառ.մ մակերեսով, տանիքի վերանորոգում,
- գծային տնտեսության մնացած շուրջ 40%-ի առողջացում,
- կայարաններում և ստորգետնյա բոլոր աշխատատեղերում մետաղական կրող կոնստրուկցիաների առողջացում,
- ազդանշանային կենտրոնացման, բլոկավորման և կարգավարական համակարգերի արդիականացում՝ ժամանակակից համակարգերի և սարքավորումների ներդմամբ,
- երեք նոր տնտեսական գնացքի և երկու կցորդահարթակի ձեռքբերում,
- քաղաքային ենթակայաններից մետրոպոլիտենը սնող բարձրավոլտ մալուխների նորացում՝ ժամանակակից բարձրորակ մալուխներով,
- վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների ավելի քան 33 %-ի փոխարինումը նոր և ժամանակակից անվասայլակներով։
Ներկայումս վերը նշված հիմնախնդիրների լուծման հնարավորությունը պայմանավորված է ծրագրի III փուլի վարկային պայմանագրի ստորագրման և ֆինանսավորման գործընթացներով։
Առաջիկա տարիներին մետրոպոլիտենի ուղևորափոխադրումների ծավալի պահպանման և աճ ապահովելու համար անհրաժեշտ է ծրագրի III փուլով նախատեսված հիմնախնդիրները լուծել։ Գործող գծի ընդլայնումը նոր կայարաններով էլ ավելի կավելացնի ուղևորահոսքը և կբարձրացնի մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը մայրաքաղաքի հասարակական տրանսպորտում:

 

Լուսանկարներ