Երևանի մետրոպոլիտենի պատմությունը
Երևանի խորհրդանիշներից մեկը՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն»-ը, 42 տարեկան է։
1966-1970թթ. մեր մայրաքաղաքի համար ամենահրատապ խնդիրներից էր մարդատար տրանսպորտի բնագավառի շուտափույթ կարգավորումը, ինչը պայմանավորված էր այդ տարիներին բնակչության աննախադեպ աճով:
1962-1964թթ. մշակված Երևանի նոր հատակագծի համաձայն՝ մետրոպոլիտենով բնակչության սպասարկումն ամենաարդյունավետն էր դիտվում և համապատասխանում էր մայրաքաղաքի զարգացման հեռանկարին:
1971թ. ստացվեց ստորգետնյա արագընթաց տրամվայի շինարարության թույլտվությունը, ապա 1977թ. նաև համաձայնություն, որ այն վերափոխվի մետրոպոլիտենի շինարարության:
Նախ սկսեցին աշխատել նախագծողները, ապա՝ նաև շինարարները:
1981թ. մարտի 7-ին տեղի ունեցավ Երևանի մետրոպոլիտենի բացման հանդիսավոր արարողությունը: Շահագործվեցին 5 կայարաններ՝ «Բարեկամություն» (ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան), «Մարշալ Բաղրամյան» (ճարտարապետներ՝ Սպարտակ Կնտղցյան, Ալբերտ Զուրաբյան), «Երիտասարդական» (ճարտարապետներ՝ Ստեփան Քյուրքչյան, պատի խորաքանդակ՝ Ռուզաննա Քյուրքչյան), «Հանրապետության հրապարակ» (ճարտարապետներ՝ Ջիմ Թորոսյան, Մկրտիչ Մինասյան), «Սասունցի Դավիթ» (ճարտարապետ՝ Բաղդասար Արզումանյան), իսկ հետագայում՝ 1983թ. շահագործման հանձնվեցին
«Գործարանային» (ճարտարապետ՝ Հենրիկ Ղուկասյան), 1984թ.` «Շենգավիթ» (ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան), 1986թ.՝
«Գարեգին Նժդեհի հրապարակ» (ճարտարապետ՝ Լևոն Գևորգյան), 1989թ.՝ «Զորավար Անդրանիկ» (ճարտարապետներ՝ Ռոմեո Ջուլհակյան, Սուրեն Բուրխաջյան) և 1997թ.՝ «Չարբախ» (ճարտարապետ` Վալտեր Մնացականյան)
կայարանները։
Երևանի մետրոպոլիտենը ներկայումս ունի 10 կայարան, ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, շահագործվող վագոնների թիվը 32 է, ինչն էլ նախատեսված հավաքակազմի 71,1%-ն է։
Մետրոպոլիտենը տարեկան տեղափոխում է ավելի քան 20 մլն ուղևոր:
Թվային ցուցանիշներով Երևանի մետրոպոլիտենից 2021թ. օգտվել է 18 մլն․573 հազար 710 ուղևոր, իսկ 2022թ.՝ 23 մլն․317 հազար 633 ուղևոր։
«Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիր»
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) և Եվրամիության հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ ՀՆԳ) համատեղ ֆինանսավորման շնորհիվ տարիներ առաջ մեկնարկել էր «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը», որը հնարավորություն է տվել զգալիորեն բարելավել և արդիականացնել Երևանի մետրոպոլիտենի գործող համակարգը:
2010թ. 15 մլն եվրո գումարով (ՎԶԵԲ-ը և ԵՆԲ-ն հատկացրել էին 5-ական միլիոն եվրո պետական վարկեր, իսկ Եվրամիության հարևանության ներդրումային գործիք՝ (ԵՄ ՀՆԳ) 5 միլիոն եվրո դրամաշնորհ) մեկնարկել էր «Երևանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրի» փուլ I-ը, որի շնորհիվ էապես բարելավվել են մետրոպոլիտենի անվտանգությունը, էներգահամակարգերի կայունությունն ու արդյունավետությունը:
Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
I փուլ
Ծրագրի փուլ I–ում փոխարինվել են մետրոպոլիտենի 30 գլխամասային վագոնների ամբողջովին մաշված անվասայլակները՝ 60 հատ, գնվել են տեխնիկական գնացքներ, մոնտաժվել է 34,6կմ նոր մալուխ, ամբողջովին վերականգնվել են մետրոպոլիտենի պոմպակայանները (փոխարինվել են 76 պոմպ՝ հարակից սարք-սարքավորումների հետ միասին), փոխարինվել են մաշված ուղեգծի տարրերի որոշ կարևոր բաղադրիչներ:
Միևնույն ժամանակ խնայողությունների հաշվին հնարավոր է եղել վերանորոգել և արդիականացնել մետրոպոլիտենի գլխամասային 8 վագոն:
Երևանի մետրոպոլիտենի վերականգնման ծրագրի
II փուլ
2012թ. 15 մլն եվրո գումարով (ՎԶԵԲ-ը, ԵՆԲ-ը հատկացրել էին 5-ական միլիոն եվրո պետական վարկեր, իսկ Եվրամիության հարևանության ներդրումային գործիքը (ԵՄ ՀՆԳ) հատկացրել էր 5 միլիոն եվրո դրամաշնորհ) մեկնարկել էր Ծրագրի փուլ II-ը։
Փուլ II-ում վերանորոգվել և արդիականացվել է մետրոպոլիտենի գլխամասային 12 վագոն, հիմնվել է մեքենավարների ուսուցման կենտրոնը, ձեռք են բերվել բազմաթիվ հակահրդեհային տարատեսակ սարքավորումներ, գնվել և մոնտաժվել է վագոնների լվացման կայան:
Փուլ II-ի հիմնական և ամենամեծ բաղադրիչն է «Դրենաժային թունելի երկարացումը և մետրոպոլիտենի վազորդային թունելներում վերականգնողական աշխատանքները»։
2015թ. ապրիլի 27-ին Երևանի մետրոպոլիտենի և «Ագազոս» ՍԼ-ի միջև կնքվել է 10. 252 300,4 /առանց ԱԱՀ/ 12 302 760,4 /ԱԱՀ-ով/ արժողությամբ պայմանագիր՝ Ցամաքուրդային (դրենաժային) թունելի աշխատանքներ կատարելու համար։ Ըստ պայամանգրի՝ կապալառու «Ագազոս» ՍԼ-ն պետք է կատարեր հետևյալ աշխատանքները.
տեղամաս Ա՝ Մետրոպոլիտենի ցամաքուրդային թունելի երկարացում 930 մ-ով՝ դա հասցնելով «Հանրապետության հրապարակ» կայարանի պոմպակայանին հարակից տարածք։
Տեղամաս Բ՝ Մետրոպոլիտենի վազորդային թունելների ամրակապի հետևում գտնվող դատարկությունների լցոնում, հակակոռոզիոն աշխատանքներ և ամրակապի դետալների մատակարարում։
Ըստ պայմանագրի՝ վերը նշված աշխատանքները պետք է ավարտվեին 2017թ. օգոստոսի 19-ին, սակայն նշված օրվա դրությամբ չավարտելու հետևանքով առաջացած վնասների փոխհատուցման համար «Ագազոսը» վճարում է տույժ-տուգանք (պայմանագրային գումարի 10%-ի չափով)՝ հօգուտ Մետրոպոլիտենի։
Միաժամանակ տեղեկացնենք, որ ցամաքուրդային թունելի ուշ հորատանցման պատճառներից են եղել իսպանական կապալառու կազմակերպության դանդաղ աշխատանքները, աշխատանքների դադարեցումը Ֆիրդուսի թաղամասի բնակիչների բողոքների պատճառով՝ պայթեցման հետևանքով առաջացած ցնցումների առնչությամբ՝ մեկ տարուց ավելի ժամանակով, «Covid-19» համավարակը, մատակարարման խնդիրները և այլն։
Ընդգծենք նաև, որ հորատանցման աշխատանքները ավարտվել են 2021թ․ դեկտեմբերին (ընդհանուր առմամբ հորատանցվել է շուրջ 930 մետր)։ Մետրոպոլիտենի թունելներում կատարվել են մոտ 10․000 քառակուսի մետր հակակոռոզիոն աշխատանքներ, թունելի երեսարկի դատարկությունների լցոնման աշխատանքներ, սակայն դեռևս պետք է իրականացվեն ցամաքուրդային որոշակի միջոցառումներ։
Վերոնշյալ բաղադրիչն ակնկալվում է ավարտել 2023թ․ կեսերին։
Ցամաքուրդային թունելի երկարացումը մետրոպոլիտենին հնարավորություն է տալիս գրեթե ամբողջովին չորացնել մետրոյի վազորդային թունելները, ազատվել ստորգետնյա ջրերի պատճառով բարձր աստիճանի խոնավությունից, զգալիորեն ավելացնել կարևոր ենթակառուցվածքների՝ ամրակապերի, մալուխների, այլ մետաղյա տարրերի, սարք-սարքավորումների ծառայության և պիտանելիության ժամկետները, հետևաբար, տարեկան կտրվածքով նաև խնայել զգալի գումարներ։
Ծրագրի ամբողջական կատարման ընթացքում հնարավոր կլինի հասնել զգալի խնայողությունների՝ ներհոսող ջրի արտամղման համար էլեկտրաէներգիայի և «Վեոլիա Ջուր» ընկերության կոյուղատարերով արտամղված ջրի դիմաց ծախսերի կրճատման հաշվին, ինչպես նաև մեծ չափով կնվազեն նաև պոմպակայանների տեխսպասարկման նպատակով ծախսվող գումարները։
Ցամաքուրդային թունել կառուցելու շնորհիվ Երևանի մետրոպոլիտենը տարեկան կխնայի մոտ 200 մլն ՀՀ դրամ։
Ծրագրի I և II փուլերի ընթացքում լուծված խնդիրներից զատ՝ մետրոպոլիտենում առկա են մի շարք այլ խնդիրներ, որոնք ամբողջությամբ կամ մասամբ լուծվել են 2021-2022թթ. ընթացքում։
Դրանք են.
«Աջափնյակ» կայարանի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմում,
շարժասանդուղքների աստիճանների և աստիճանաժապավենի փոխարինում նորով,
շարժասանդուղքի երկու նոր շարժիչների ձեռք բերում,
Մետրոպոլիտենի թունելների օդափոխման հզոր համակարգի փոխարինում` 14 հզոր օդափոխիչներ,
վագոնների արդիականացում՝ 5 հատ,
սլաքային փոխադրիչների և ավտոկանգների արդիականացում,
նոր գծաչափիչ սայլակի ձեռքբերում,
գծի բաց հատվածի լուսավորության արդիականացում,
թունելային բարձրավոլտ մեծ և փոքր արկղերի փոխարինում նորերով,
վագոնների հնամաշ սայլակների փոխարինում և հիմնանորոգում,
կապի և ազդանշանման համակարգերի համար անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերում,
թունելային հատվածում ամբողջովին քայքայված բարձրավոլտ մալուխային համակարգի նորացում,
թունելներում շուրջօրյա գործող ջրահեռացման համակարգի արդիականացում,
գծային տնտեսության առողջացում (գնացքի ռելսերի և փայտակոճերի փոխարինում նորերով)։
վագոնների հնամաշ, ժամկետանց անվասայլակների փոխարինումը նոր և ժամանակակից անվասայլակներով՝ 16 հատ։
Հաջորդ կայարանը՝ «Աջափնյակ»
Խորհրդային Միության տարիներին մշակված ու տասնամյակներ ի վեր թղթի վրա մնացած Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագիրը մտել է գործնական փուլ:
Նոր կայարանը նախագծում է Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։
Ըստ նախատեսվածի 2023 թվականին նախագիծն ամբողջությամբ պատրաստ կլինի, ինչն էլ հնարավորություն կտա շինարարության մրցույթ հայտարարելու։ «Բարեկամությունից» Աջափնյակ՝ դեպի նոր կայարան մետրոյի գնացքը կհասնի հորատանցված երկու վազորդային թունելներով, որոնք ապահովելու են ելքը դեպի կիրճի հարթակ։ Հենց այդտեղից էլ նախատեսվում է կառուցել մոտ 152 մետր երկարությամբ մետրոկամուրջը։
Արագ, անվտանգ, անխափան ու բնապահպանապես մաքուր այս փոխադրամիջոցը 4 տասնամյակ անց մտնում է զարգացման նոր փուլ։