ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Տրանսպորտ

Վարչության գործառույթներ

Երևանի ներհամայնքային հասարակական տրանսպորտ

 

Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկումն իրականացվում է ավտոբուսներով, տրոլեյբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով: Նկատի ունենալով վերջին տարիներին մայրաքաղաքում ավտոտրանսպորտի քանակի աճի միտումը` քաղաքային իշխանությունը որդեգրել է քաղաքային երթուղային ցանցում մեծ տեղատարողության շարժակազմերի (ավտոբուսների և տրոլեյբուսների) տեսակարար կշիռն ավելացնելու և, զուգահեռաբար, միկրոավտոբուսների շահագործումը բացառելու քաղաքականություն:
Երևանի քաղաքապետարանի համակարգում գործում են հետևյալ ուղևորատար տրանսպորտային ընկերությունները` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն», «Երևանի էլեկտրատրանսպորտ», «Երևանի ավտոբուս», «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունները, ինչպես նաև «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ն, որն իրականացնում է Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կահավորման, սպասարկման և հսկողության իրականացման աշխատանքները:

 

Երթուղային ցանց

 

Երևանի հասարակական տրանսպորտի ոլորտի համակարգային բարեփոխումների շրջանակներում, կարևորելով մայրաքաղաքում գործող երթուղային ցանցի արդյունավետության բարձրացման և նոր երթուղային ցանցի ստեղծման անհրաժեշտությունը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ հայտարարված միջազգային մրցույթում հաղթող ճանաչված «Դաբլյու Վայ Ջի Ինտերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանց, որը ենթադրում է նաև միասնական սակագնային և տոմսային համակարգի ներդրում:
Նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում նախատեսվել է Երևան համայնքի միջոցներով ձեռք բերել և մայրաքաղաք ներկրել նոր փոքր և միջին դասի քաղաքային ավտոբուսներ: Փոքր դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը (28 հատ), 2020թ. վերջին ներկրվել է մայրաքաղաք և արդեն շահագործվում են Երևանի ներհամայնքային երթուղիներում, ինչի արդյունքում որոշակիորեն բարելավվել է քաղաքացիների տրանսպորտային սպասարկման վիճակը:
Գործող երթուղային ցանցով նախատեսված է միկրոավտոբուսային 62 երթուղի (1157 միավոր շարժակազմ), ավտոբուսային 44 երթուղի (582 միավոր շարժակազմ) և տրոլեյբուսային 10 երթուղի (108 միավոր շարժակազմ)։

 

Ուղևորափոխադրումներ


Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության, կարանտինի, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ, խաթարվել է մայրաքաղաքում ընդհանուր օգտագործման տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումների ողջ գործընթացը, մտցված սահմանափակումների և ուղևորահոսքի կտրուկ անկման հետևանքով 2020թ. զգալիորեն նվազել է (45-55%-ով) հասարակական տրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալները:

 

Ավտոբուսային փոխադրումներ



Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակազմում առկա է 550 ավտոբուս, փաստացի շահագործվում է 38 երթուղի, որոնցում օրական միջին հաշվով գիծ է դուրս բերվում մոտ 370-380 միավոր շարժակազմով։ Ավտոբուսային երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն և մասնավոր 16 կազմակերպություններ։
Ավտոբուսային հավաքակազմը համալրելու նպատակով 2012-2020թ-ին մայրաքաղաք է ներկրվել տարբեր մակնիշների թվով 462 նոր ավտոբուս (վերջին խմբաքանակը 2020թ-ին՝ «Գազել Սիթի» մակնիշի՝ 28 հատ)։ 2020թ. ավտոբուսներով ընդհանուր առմամբ տեղափոխվել է մոտ 37.7 մլն ուղևոր, ինչը նախորդ տարվա համեմատ պակաս է մոտ 55.3%-ով, իսկ տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումներում կազմել է մոտ 44.1%։ Չնայած դրան՝ ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր ծավալում ավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը դեռևս ցածր է։ Երևանում դեռևս փոքր է ավտոբուսային երթուղիների շահագործման արդյունավետությունը։ Մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ է շարունակել ավտոբուսային հավաքակազմի համալրումը քաղաքային նշանակության ավտոբուսներով՝ բացառելով միկրոավտոբուսները, ինչը և նախատեսվում է իրականացնել Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

 

Միկրոավտոբուսային փոխադրումներ

 


Երևանում փաստացի գործում է 52 միկրոավտոբուսային երթուղի, որոնք համալրված են տարբեր մակնիշների մոտ 680 միավոր շարժակազմով։ Նշված երթուղիները պայմանագրային հիմունքներով սպասարկում են թվով 33 մասնավոր կազմակերպություններ։
Վերջին տարիներին միկրոավտոբուսների քանակի պակասեցման, ինչպես նաև վերը նշված հանգամանքներով պայմանավորված, զգալիորեն նվազել է միկրոավտոբուսներով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը։ 2020թ. միկրոավտոբուսներով տեղափոխվել է մոտ 34.1 մլն ուղևոր, ինչը 2019թ. համեմատ պակաս է մոտ 51.2 մլն-ով կամ 60.0%-ով։ Չնայած դրան՝ մայրաքաղաքի ուղևորափոխադրումներում դեռևս մեծ է միկրոավտոբուսների չափաբաժինը, որոնց բաժին է ընկնում ընդհանուր ծավալի մոտ 40.0%-ը։
Մայրաքաղաքի բնակչության տրանսպորտային սպասարկման իրականացումը միկրոավտոբուսներով անընդունելի է, հետևաբար միկրոավտոբուսների փոխարինումը ավտոբուսներով այլընտրանք չունի, ինչը և նախատեսվում է իրականացնել նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացի շրջանակներում։

 

Վերգետնյա էլեկտրատրանսպորտ

 

«Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի հաշվեկշռում առկա է 51 տրոլեյբուս (1-ը` տեխօգնության), այդ թվում՝ 5 հատ «Ռենո», 12 «Շկոդա» և 34 «ԼԻԱԶ» մակնիշների։ Ընկերությունն սպասարկում է տրոլեյբուսային 5 երթուղի, օրական գիծ է դուրս բերվում միջին հաշվով 35-40 միավոր շարժակազմ։ 2020 թվականին ևս նվազել է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների թիվը։ 2020թ. տրոլեյբուսներով տեղափոխվել է 2813.4 հազ. ուղևոր, ինչը 2402.7 հազ. ուղևորով պակաս է նախորդ տարվա համեմատ կամ նվազել է 46.1%-ով։ Դեռևս փոքր է տրոլեյբուսներով տեղափոխվող ուղևորների տեսակարար կշիռը ներքաղաքային ընդհանուր ուղևորափոխադրումներում, այն կազմում է մոտ 3.3%։ Հաշվի առնելով քաղաքային վերգետնյա էլեկտրատրանսպորտի դերը ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների ընդհանուր գործընթացում, այդ թվում բնապահպանական խնդիրների տեսանկյունից և կարևորելով դրա հետագա զարգացման անհրաժեշտությունը, որոշակի աշխատանքներ են կատարվում վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմի, հպակային և մալուխային ցանցերի, քարշի ենթակայանների նորոգման, հպակային ցանցի որոշակի նոր հատվածներ կառուցելու, տրոլեյբուսային տնտեսության արտադրական շենքերի վերանորոգման և վերազինման, ինչպես նաև տրոլեյբուսների շահագործման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

 


Մետրոպոլիտեն

 

Երևանի մետրոպոլիտենում շահագործվում է 10 կայարան, գծի երկարությունը 12.1 կմ է, առկա է 45 վագոն։
Վերջին մի քանի տարիներին մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումներում նկատվում էր կայունացման և աճի միտում, ինչը հիմնականում պայմանավորված է մետրոպոլիտենի շահագործման արդյունավետության և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմամբ, ինչպես նաև մի քանի ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման դադարեցմամբ: Սակայն վերոհիշյալ հանգամանքներով պայմանավորված 2020թ. մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը ևս նվազել է, տեղափոխվել է 10747.6 հազ. ուղևոր, ինչը 9245.6 հազ. ուղևորով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ՝ կամ նվազել է 46.3%-ով։ Մետրոպոլիտենով ուղևորափոխադրումների տեսակարար կշիռը ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալում կազմում է մոտ 12.6%։ Մետրոպոլիտենով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալների զգալի աճ կարող է տեղի ունենալ միայն գործող գծի ընդլայնման, նոր կայարանների կառուցման և շահագործման արդյունքում:
Ներկայումս մեկնարկել են աշխատանքները՝ Երևան քաղաքի Աջափնյակ թաղամասում մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման նպատակով համապատասխան նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման գնումների գործընթացը կազմակերպելու ուղղությամբ:


Հասարակական տրանսպորտի կանգառներ

 

Երևանում սահմանված են հասարակական տրանսպորտի 863 կանգառներ, որոնցից 352-ում տեղադրված են կանգառասրահներ և կանգառանշաններ, 511-ում՝ միայն կանգառանշաններ: Մայրաքաղաքի նոր երթուղային ցանցի ներդրումը ենթադրում է նաև շարունակել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների որոշ նախկին կանգառների վերականգնման, ինչպես նաև, ըստ նոր երթուղիների ուղեգծերում ընդգրկված ճանապարհահատվածների, նոր կանգառների սահմանման ուղղությամբ նախկինում մեկնարկած աշխատանքները։
Շարունակվում են մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի կանգառների կահավորման աշխատանքները։ 2019թ. ընթացքում թվով 4 կանգառներ կահավորվել են նորաոճ, թուջե ձուլվածքից նոր կանգառասրահներով, կատարվել են համապատասխան գծանշման աշխատանքներ։
2021թ. նախատեսվում է տեղադրել նմանատիպ ևս 5 կանգառասրահ:

 

Ավտոկայանատեղեր

 

Մայրաքաղաքում ավտոկայանատեղերի ոլորտի կանոնակարգման նպատակով «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի մասին» ՀՀ օրենքի համաձայն ընթանում են գործնական միջոցառումներ՝ մայրաքաղաքի համայնքային սեփականությունը հանդիսացող փողոցներում (ճանապարհահատվածներում) և հրապարակներում կայանատեղերի կազմակերպման ու կահավորման աշխատանքներն իրականացնելու ուղղությամբ։
Մասնավորապես՝ Երևան քաղաքում վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայությունների մատուցման պարտավորությունն ստանձնած ընկերությունը շարունակում է ավտոկայանատեղերի կահավորման աշխատանքները։ Գործընթացի սկզբից կազմակերպվել են տրանսպորտային միջոցների վճարովի կայանատեղեր Երևանի Կենտրոն, Արաբկիր, Դավթաշեն, Շենգավիթ, Էրեբունի, Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հիմնական փողոցներում, ավարտվել են դրանց կահավորման աշխատանքները։
Որպես էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոց Երևան քաղաքում էլեկտրամոբիլների տարածմանը խթանելու նպատակով Երևանի ավագանու 22.12.2020թ. հ.307-Ն որոշմամբ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի (էլեկտրամոբիլ) սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տեղական վճարի գծով արտոնություն՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից: Երևան քաղաքի ավագանու համապատասխան որոշումներով, թվով 37 կազմակերպությունների և ֆիզիկական անձանց թույլատրվել է 2021թ. կազմակերպել, ինչպես նաև շարունակել նախորդ տարիներին կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը։
Երևանի քաղաքապետի թվով 28 որոշումներով սահմանվել է թեթև մարդատար տաքսի-ավտոմոբիլների 156 հատ կայանատեղ։

 

Հաշմանդամների տրանսպորտային սպասարկում

 

Սայլակավոր հաշմանդամների և հատուկ կարիքներ ունեցող անձանց համար քաղաքային ավտոբուսները մատչելի դարձնելու նպատակով, դրանք վերելակներով կահավորելու ծրագրի շրջանակներում, 2014-2017թթ. ընթացքում Չինաստանից ներկրված հատուկ վերելակներով կահավորված, «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին պատկանող «Հիգեր» մակնիշի թվով 25 ավտոբուսներ շահագործվում են 4 երթուղիներում (հ.հ.14, 20, 22, 28), որոնք համաձայնեցվել են հասարակական կազմակերպությունների հետ: Գրեթե բոլոր վարչական շրջաններից հատուկ կարիքներով անձինք քաղաքի կենտրոն տեղափոխվելու և հակառակ ուղղությամբ վերադառնալու հնարավորություն կունենան, կապահովվի կապը ուսումնական հաստատությունների հետ։ Ըստ այդմ, հ.14 երթուղին կգործի Զեյթուն, Արաբկիր, Կենտրոն ուղղությամբ՝ հասնելով Շենգավիթ վարչական շրջան, հ.20 երթուղին Ավան վարչական շրջանից կհասնի Կենտրոն վարչական շրջան, հ.22 երթուղին Նոր Նորքից Կենտրոն վարչական շրջանով կհասնի Էրեբունի, հ.28 երթուղին Նոր Նորքից Զեյթունով կհասնի Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններ, այնուհետ նաև «Գրացիա» Հայկական Կարմիր Խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոն: Ավտոբուսների կողային և դիմային հատվածներում առկա են համապատասխան տարբերանշաններ, ինչպես նաև ծանուցման կարգով փակցված են տվյալ երթուղիների երթակարգավարական ծառայության հեռախոսահամարները (011.674428, 011.674460)՝ տվյալ երթուղու ավտոբուսի այս կամ այն կանգառ հասնելու մոտավոր ժամի մասին տեղեկություն ստանալու համար:
Մայրաքաղաք ներկրված փոքր դասի բոլոր ավտոբուսները կահավորված են թեքահարթակներով՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար դրանց մատչելիությունն ապահովելու համար:
Կարևորելով սակավաշարժ խմբերի քաղաքացիների համար մատչելիության ապահովման անհրաժեշտությունը՝ մեկնարկել է և հետևողականորեն լուծում է ստանում կայանատեղերի կահավորման աշխատանքների շրջանակներում նաև հաշմանդամների կամ նրանց տեղափոխող տրանսպորտային միջոցների համար առանձնացված տեղերի նախատեսման խնդիրը։ Այդ համատեքստում թվով 101 վճարովի կայանատեղերում համապատասխան կահավորանքի միջոցով առանձնացվել են տեղեր հաշմանդամների տրանսպորտային միջոցների համար։
Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի հ.307-Ն որոշման համաձայն ընթանում է տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց տրանսպորտային միջոցների համար անվճար կայանման թույլտվության կտրոնների տրամադրման գործընթացը։ 2021 թվականի համար արդեն տրամադրվել է 83 հատ կտրոն: