ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Քաղաքային տնտեսություն

Երևանը Հայաստանի խոշորագույն տնտեսական, գիտական և մշակութային կենտրոնն է և հանդիսանում է տարածաշրջանային փոխադրումների կարևորագույն տրանսպորտային տարանցիկ հանգույց։ Երևանին են բաժին ընկնում հանրապետության արդյունաբերության ընդհանուր ծավալի 42.1%-ը, շինարարության՝ 53.9%-ը, մանրածախ առևտրի՝ 82.6%-ը, ծառայությունների՝ 85.5%-ը, շահագործման հանձնված բնակելի շենքերի՝ 77.6%-ը, հյուրանոցային տնտեսության օբյեկտների՝ 33.2%-ը։ Երևան քաղաքում ապրում է 1076.5 հազ. մարդ, որը կազմում է հանրապետության բնակչության ավելի քան 35%-ը:
Երևանի տնտեսությունը բազմաճյուղ է` գյուղմթերքի վերամշակումից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Ուղևորափոխադրումներն իրականացվում են ավտոմոբիլային տրանսպորտով և էլեկտրատրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով։ Քաղաքում գործում է երկաթուղային կայարան և օդանավակայան։
Հաշվի առնելով Երևան քաղաքի վարչական, տնտեսական, ինչպես նաև գիտական և մշակութային ներուժը՝ Երևանի քաղաքապետարանի գործունեությունն ուղղված է քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների՝ ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը, և այդ ոլորնտերում ենթակառուցվածքների բարելավման և զարգացման ծրագրերի իրականացմանը: Այս գործընթացում կարևորվում է միջազգային համագործակցության ընդլայնումը, համայնք-մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը: