ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Երևանի բնապահպանական քաղաքականության հիմնական նպատակը մայրաքաղաքի շրջակա բնական միջավայրի պահպանությունը, պաշտպանությունը և բարելավումն է՝ քաղաքային տնտեսության կայուն, առողջ և համաչափ զարգացումըч բնակչության բարեկեցությունն ապահովելու նպատակով
Երևանում շրջակա միջավայրի կառավարումը պայմանավորված է դրա հիմնական բաղկացուցիչ տարրերի՝ հողային պաշարների, մթնոլորտային օդի, ջրային պաշարների և կենսաբազմազանության մշտադիտարկման, դրանց վիճակի բարելավման՝ ՀՀ օրենսդրությամբ վերապահված գործառույթների հետևողականորեն իրագործելու մակարդակով:
Երևանի բնապահպանական նկարագիրը
Քաղաքի ընդհանուր տարածքը 223 քառ. կմ է և ձգվում է հյուսիսից հարավ՝ 19.7 կմ և արևելքից արևմուտք՝ 19.1 կմ:
Երևանը գտնվում է Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում, Հրազդան գետի երկու ափերին՝ ծովի մակերևույթից 850-1300մ բարձրությունում, հյուսիսային լայնության 400 և արևելյան երկայնության 440 շրջանում: Ամենացածր կետերը հարավում են՝ Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում։ Ամենաբարձր տեղադրությունն ունեն Ավան և Նոր Նորք վարչական շրջանները։ Քաղաքի կենտրոնը՝ Հանրապետության հրապարակը, ծովի մակերևույթից բարձր է 1000մ։
Երևանի կենսաբազմազանությունը սերտորեն կապված է բնապահպանական ակտիվների որակի, ինչպես նաև կանաչ տարածքների գոյության հետ: Երևանն ունի քաղաքային նշանակության 86 այգի: Երևանի կանաչ տարածքը պաշտոնապես մոտ 6760 հա է, ինչը քաղաքի ընդհանուր մակերեսի 30%-ն է: Սրա մեջ մտնում են հանրային և մասնավոր տարածքները և կանաչ բուսականության բոլոր տեսակի ծածկերը, ներառյալ ծաղկաթմբերը և սիզամարգերը: Ընդհանուր օգտագործման կանաչ մակերեսը շուրջ 869 հա է: Մեկ բնակչին բաժին ընկնող կանաչ տարածքը շուրջ 8 քմ է:
Մթնոլորտային օդի և հողերի որակի վատթարացման, ջրային պաշարների հյուծման և աղտոտման, տրանսպորտային միջոցների ավելացման գործոնների ազդեցությամբ է պայմանավորված մթնոլորտում ածխաթթու գազի ավելացումը մոտ 10 անգամ, ինչը կլիմայի փոփոխության հիմնական գործոններից է։ Կլիմայի փոփոխության հետևանքով Երևանում, համաձայն կանխատեսումների, մինչև 2100թ. ջերմաստիճանը կբարձրանա 1.7օC-ով, իսկ տեղումների ծավալը կնվազի 10 մմ-ով:
Հիմնախնդիրներ
1. Հրազդան գետի և Գետառ վտակի ջրերի որակի բարելավում:
2. Երևանյան լճի և ափամերձ տարածքի մաքրման և որպես հանգստի գոտու վերականգնում:
3. Կենցաղային աղբի տեսակավորման, աղբի վերամշակման ապահովում:
4. Մայրաքաղաքի հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ ոչ արժեքավոր ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
5. Ոռոգման ցանցի արդիականացում, ընդլայնում և վերակառուցում,մայրաքաղաքի տարբեր հատվածներում միջանկյալ անտառաշերտի ստեղծում, կանաչ տարածքների ավելացում:
2022թ. գործունեությունը
1. Երևանյան լճի ափամերձ տարածքների մաքրում. համաձայն Երևանի ավագանու կողմից 2021 թվականի մայիսի 25-ի N383-Ա որոշմամբ հաստատված «Հրազդան գետի և Երևանյան լճի առափնյա տարածքների մաքրման բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսական համամասնությունները» ծրագրի՝ մաքրվել են Երևանյան լճի ափամերձ տարածքներն աղբով պատված եղեգներից (10հա) և կենցաղային թափոններից (12000 խմ), տեղադրվել է աղբաորսիչ ճաղավանդակ՝ թափոնների մուտքը Երևանյան լիճ կանխարգելելու նպատակով։ Ներկայումս տարածքը բարեկարգվում և կանաչապատվում է:
2. Նախագծվել է Գետառի վրա ջրերի մաքրման կայան:
3. Բնապահպանական իրազեկման միջոցառումներ դպրոցներում. «Աշխարհն առանց թափոնների» ծրագրի իրականացմամբ Երևանի քաղաքապետարանի, «Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության և «Այ Էս Էս Դի» համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ, որի նպատակը հանրության մեջ աղբի տեսակավորման անհրաժեշտության արմատավորումն է:
4. Ծիծեռնակաբերդի անտառապաշտպան գոտու 8.5 հա տարածքի կանաչապատում 4272 ծառաթփատեսակներով:
5. Սարալանջի՝ Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններն ընդգրկող հատվածի կանաչապատում 4 հա տարածքում՝ 1650 հատ ծառաթփատեսակներով:
6. Սարյանի անվան պուրակի 0.8հա տարածքի կանաչապատում տեղանքը ձևավորելու նոր մոտեցումներով: Պուրակը բարեկարգվել է. նորոգվել են ճեմուղիները, անցկացվել է ոռոգման նոր համակարգ, ձևավորվել ու թարմացվել է պուրակի կանաչ գոտին՝ սանիտարական էտի, նոր տնկված ծառերի, թփերի ու ծաղկասածիլների շնորհիվ ընդգծելով տարածքի նշանակությունը: Պուրակում ներդրվել է լուսավորության ժամանակակից՝ էներգախնայող համակարգ, տեղադրվել են նոր նստարաններ և աղբամաններ:
7. Ընդհանուր օգտագործման տարածքներում տնկվել է 9140 ծառ, 133911 թուփ, որից 96095-ը՝ պատնեշային թփեր, 23176 վարդ և 12640 ծաղկող թփեր:
8. Իրականացվել է 67 գծմ ուղղաձիգ կանաչապատում:
9. Հատվել է 1462 չոր և վթարային ծառ:
10. Էտվել է 16915 ծառ:
11. Անցկացվել և հիմնանորոգվել է ոռոգման համակարգի շուրջ 18500 գծմ:
12. Քարտեզագրվել են՝ 18900 ծառ և թուփ, 1700 ոռոգման համակարգի փական և ցնցուղ, 4900 գծմ կանաչ ցանկապատ, 15100 մ ոռոգման համակարգի գծային տարր, 464000 քմ կանաչապատ և կանաչապատման ենթակա տարածք:
13. Հավաքվել է 665 220 կգ տեսակավորված աղբ:
14. Կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում՝ 2 ջրցան և 7 մեծ բեռնատար ինքնաթափ բեռնատար մեքենաներ:
2023թ. մեքենաների հավաքակազմը նախատեսվում է լրացնել 3 միավոր նոր ավտոաշտարակով և 1 բարձիչ-մանիպուլյատորով:
2023թ . նախատեսված գործունեություն
• Գետառի վրա ջրերի մաքրման կայանի կառուցում,
• Աբովյանի անվան 0.43 հա պուրակի վերականգնում,
• Հրազդանի կիրճի ափամերձ տարածքի մաքրում: Երևանյան լճի և Հրազդանի կիրճի բնապահպանական կարգավիճակ ստանալու գործընթաց,
• մայրաքաղաքի որոշ փողոցներում հնացած, հիվանդ, չոր, տապալման ենթակա և/կամ անորակ ծառերի փոխարինում առավել գեղազարդ, արժեքավոր ծառատեսակներով,
• կանաչապատման տարբեր լուծումների, այդ թվում՝ ուղղաձիգ կանաչապատման կիրառում,
• ծառերի կադաստրային տեղեկագրի ստեղծում,
• ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների բարելավում,
• կանաչ տարածքների խնամքի և ծառատնկման համար ժամանակակից մեքենասարքավորումների ձեռքբերում,
• ոռոգման ցանցի վերակառուցում,
• Երևանում աղբի տեսակավորման իրականացում:
Մթնոլորտային օդի որակ
Երևանը Հայաստանի խոշորագույն արդյունաբերական, տնտեսական և միևնույն ժամանակ վարչական կենտրոնն է, որում կենտրոնացած է արդյունաբերական ձեռնարկությունների 36%-ը: Երևանում մթնոլորտային օդի աղտոտման հիմնական աղբյուրներ են՝ տրանսպորտը, արդյունաբերությունը, էներգետիկան, քաղաքաշինությունը: Այժմ մայրաքաղաքում հաշվառված է անշարժ աղբյուրներից մթնոլորտ աղտոտող նյութեր արտանետելու թույլտվություն ունեցող 671 կազմակերպություն:
Երևանի, ինչպես նաև մյուս խոշոր քաղաքների համար օդային ավազանի աղտոտման վերաբերյալ պարբերաբար ուսումնասիրություններ են կատարվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:
2022թ. ձեռք է բերվել օդի որակի դիտարկման 5 սենսոր, որոնք հնարավորություն են տալիս առցանց կարգով հետևելու օդի մեջ ազոտի օսիդների և փոշու մասնիկների պարունակությունը։
Մակերևութային ջրեր
Երևանում մակերևութային ջրերի գլխավոր ավազաններն են՝ Հրազդան գետը, Երևանյան լիճը (Հրազդան գետից ստեղծված արհեստական լիճ), Գետառ և Ողջաբերդ գետերը:
Գետառը Հրազդանի ձախ վտակն է, երկարությունը՝ 24 կմ, ավազանը՝ 158 կմ²։ Սկիզբ է առնում Գեղամա լեռներից՝ 1570մ բարձրությունից, հոսում և անցնում է Երևանի միջով, այնուհետև խառնվում Հրազդան գետին։ Գետառի վտակներից են Ջրվեժը և Ձորաղբյուրը։
Ինչպես Գետառը, այնպես էլ դրա վտակները ենթարկված են մարդու գործունեության մեծ ազդեցության, ինչի հետևանքով զգալիորեն աղտոտված են: Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը յուրաքանչյուր տարի մաքրում է գետերի հուները:
Ողջաբերդն սկիզբ է առնում Ողջաբերդի լեռների հյուսիսային լանջերից և Երևանի սահմաններում՝ Կենդանաբանական այգու տարածքում, ձախից միախառնվում Գետառին:
Երևանյան լիճն արհեստական ջրամբար է, ոռոգման ջրի պահոց՝ կառուցված Երևանի տարածքում՝ Հրազդան գետի վրա: Մակերեսը 0,65 քառ. կմ է, միջին խորությունը՝ 8մ (առավելագույնը՝ 18մ)։ Ջրամբարի ստեղծման նպատակը Հրազդանի հոսքը կարգավորելն է և ջրերի նպատակային օգտագործումը։ Կանոնավորվել է Հրազդանի վերին հոսանքի ազատ հոսքը, լճից սկսվում են Վաղարշապատի և Փարաքարի ջրանցքները, որոնք հոսում են գետնի տակով և դուրս գալիս Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:
Հրազդան գետը սկիզբ է առնում Սևանա լճից, հոսում հարավ-արևմտյան ընդհանուր ուղղությամբ, անցնում է Հայաստանի Հանրապետության վարչական 4 տարածքներով, այդ թվում` հանրապետության կենտրոնական մասով՝ մայրաքաղաք Երևանով և Արարատյան գոգահովտով: Ունի 141 կմ երկարություն։ Ավազանի մակերեսը 2650 քառ. կմ է (առանց Սևանա լճի)։ Հրազդանի վրա կառուցվել են Սևանի, Աթարբեկյան, Գյումուշի, Արզնիի, Քանաքեռի, Երևանի ՀԷԿ-երը, մի շարք ջրանցքներ, Երևանյան լիճը։
Հրազդանի կիրճը ի սկզբանե Երևանի համար ունեցել է կենսական նշանակություն։ Քաղաքը փռված է Հրազդան գետի ափերին։
Գետերի ջրային պաշարների աղտոտման հիմնական աղբյուրներ են կոմունալ-կենցաղային, սննդի արդյունաբերության, հանքարդյունաբերության և գյուղատնտեսության կեղտաջրերը, որոնք իրենց հետ ջրային օբյեկտներ են տանում մեծ ծավալի ազոտային և ֆոսֆորային միացություններ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Շրջակա միջավայրի մոնիտորինգի կենտրոնի կողմից հրապարակվում է Հրազդան գետի տարբեր հատվածներում և Երևանյան լճի ջրի որակական և քանակական պարունակության վերաբերյալ տեղեկատվությունը:


Հողային պաշարներ և ընդերքօգտագործում
Երևանում կա է ընդամենը 21.5 հազար հա հողատարածք: Հողերի աղտոտվածության հիմնական աղբյուրներից է Երևանում հանքավայրերի շահագործումն ու արդյունահանումը և դրա հետևանքով առաջացած ընդերքօգտագործման թափոնավայրերի (լցակույտեր) առկայությունն ու դրանցում կուտակված մնացորդների մեծ ծավալները, որոնք զբաղեցնում են զգալի տարածություն՝ վերածվելով բնական միջավայրի երկարատև աղտոտման աղբյուրների:
Երևանում օգտակար հանածոների արդյունահանման նպատակով, համաձայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքի, 01.04.2022թ. դրությամբ տրամադրված է 22 ընդերքօգտագործման իրավունք: 22 հանքավայրերից 1-ը ստորգետնյա է (Ավանի աղի կոմբինատ), 21-ը՝ բացահանք:
Երևանում գլխավորապես արդյունահանվում են ոչ մետաղական հանածոներ, որոնք շահագործվում են բացահանքով, ինչը մեծ բացասական ազդեցություն է թողնում հողային պաշարների վրա: Արդյունահանվում են հիմնականում բազալտ, գիպսատար կավ, քարաղ:
Ըստ ուսումնասիրության` 22 հանքավայրերը հիմնականում շահագործվում են Նոր Նորք վարչական շրջանի հարավ-արևելյան, հարավային հատվածներում, Աջափնյակ վարչական շրջանի արևմտյան հատվածում և Էրեբունի վարչական շրջանի հյուսիսային հատվածում: Եվս 1 հանքավայր շահագործվում է Ավան վարչական շրջանում, սակայն քարաղը այստեղ շահագործվում է ստորգետնյա պայմաններում:
Գրեթե բոլոր հանքավայրերը մոտ են բնակավայրերին՝ բնակիչների համար առաջացնելով անհարմարություններ (հիմնականում՝ փոշի և աղմուկ):
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)
Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը (այսուհետ՝ ՇՄԱԳ) գործընթաց է, որը միտված է հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության վտանգավորության աստիճանի և ուժգնության բացահայտմանը, շրջակա միջավայրի և մարդկանց առողջության վրա հնարավոր վնասակար ազդեցության կանխատեսմանը, կանխարգելմանը, նվազեցմանը կամ բացառմանը, գնահատման հավաստիության ստուգմանը և գործունեության թույլատրելիության որոշմանը։ ՇՄԱԳ գործընթացի պահանջները սահմանվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով:
Երևանում իրագործվելիք նախագծերի ՇՄԱԳ գործընթացը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից կազմակերպվում է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:
Երևանի քաղաքապետարանը ՇՄԱԳ-ի գործընթացում ապահովում է համայնքի բնակիչների և շահագրգիռ անձանց ընդգրկումը սկզբնական տեղեկատվության տրամադրման և ՇՄԱԳ-ի անցկացման փուլերում, մասնակցությունը հանրային լսումներին և քննարկումներին։ Քաղաքապետարանի լիազորություններն են. նշված օրենքով սահմանված կարգով հիմնադրութային փաստաթղթի և (կամ) նախատեսվող գործունեության, դրանց ազդեցության գնահատման և փորձաքննության գործընթացների վերաբերյալ ծանուցման, հանրային լսումների կազմակերպման և հանրության մասնակցության ապահովումը:
Հանրային լսումներով Երևանի քաղաքապետարանը ձևավորում է համայնքի դիրքորոշումը, որն արտահայտվում է տնտեսվարողներին ու ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը տրամադրվող համայնքի նախնական համաձայնության և վերջնական կարծիք ձևավորելով:
Հանրային քննարկումների վերաբերյալ բոլոր հայտարարությունները տեղադրվում են Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում: ՇՄԱԳ-ի հայտարարություններին կարելի է ծանոթանալ այստեղ:
Միայն 2022թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել է ՇՄԱԳ փորձաքննության շուրջ 128 նախագծերի հանրային լսում:
Աղբի տեսակավորում
Երևանում աղբի տեսակավորման (ապակի, պլաստիկ, թուղթ) համար քաղաքի ընդհանուր շուրջ 120 կետերում համապատասխան գունազատմամբ տեղադրվել են աղբամաններ: «ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը Երևան քաղաքի վարչական շրջաններում տեղադրված ընդհանուր 134 տեսակավորման կետերից և 240 տնտեսվարողներից պարբերաբար հավաքել և վերամշակվող ընկերություններին հանձնել է 2021թ. 368420կգ, իսկ 2022թ.՝ 665220կգ թափոն, որից 2021թ. 321140կգ, իսկ 2022թ.՝ 580000կգ ստվարաթուղթ, 2021թ. 500 կգ, իսկ 2022թ.՝ 220 կգ սպիտակ թուղթ, 2021թ. 16050կգ, իսկ 2022թ.՝ 37000 կգ պլաստիկ, 2021թ. 30730 կգ, իսկ 2022թ.՝ 48000 կգ ապակի: Միաժամանակ, Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի և «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ հետ համատեղ Երևանում 2021թ. շուրջ 50 և 2022թ. 70 դպրոցներում նախապես տեղադրված պլաստիկ և թղթի թափոնների 3500 տեսակավորման արկղերում աշակերտները տեսակավորում են աղբը և հավաքվել է շուրջ 14000 կգ թափոն, միաժամանակ կազմակերպվել են դասընթացներ:
Կանաչապատման քաղաքականություն
Երևանի անբարենպաստ կլիմայական և բնապահպանական պայմաններում կանաչ տարածքներն ունեն սանիտարահիգիենիկ և միկրոկլիմայական պայմանները բարելավելու, միջավայրին գեղեցիկ՝ գեղագիտական տեսք հաղորդելու նշանակություն։
Կանաչապատ տարածքների բարելավման և ընդլայնման, մթնոլորտային օդի աղտոտման նվազեցման և հողապաշտպան միջոցառումներն իրագործելու նպատակով քաղաքը որդեգրել է հետևյալ գիտահեն քաղաքականությունը.
1. կայուն, արժեքավոր, գեղազարդ և մշտադալար ծառատեսակների ընտրություն՝ հաշվի առնելով դրանց տնկման տարածքի միկրոկլիմայական և բնական պայմաններն ու առանձնահատկությունները, գազի, փոշու, ծխի և այլ աղտոտիչների նկատմամբ,
2. հողերի աղտոտվածության նվազեցման միջոցառումներ՝ թփաշերտով մեկուսացում փողոցին հարող տարածքից,
3. կանաչ ցանկապատերի ստեղծում՝ տարբեր հարկաշարքային բուսականության տեղադրությամբ,
4. միամյա մեծաքանակ ծաղիկների մասամբ փոխարինումը բազմամյա և տարեշրջանային հերթագայմամբ ծաղկող թփերով՝ տեղանքային ճարտարապետային մոտեցմամբ:
Անտառապաշտպան գոտիներ ստեղծելու հեռանկարային համաքաղաքային նշանակության ծրագրեր
1. Ջրաշխարհի աջակողմյան լանջի անտառապաշտպանիչ գոտի
2. Սիլիկյանի անտառապաշտպան գոտի
3. Նուբարաշենի անտառապաշտպան գոտի
Ոռոգում
Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կանաչ գոտիների ոռոգման համար մայրաքաղաքը ջուր է ստանում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերից: Ոռոգման ջրի մատակարարումն ապահովում են «Երևան» և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունները: Մայրաքաղաքի ամբողջ ոռոգման համակարգի երկարությունը 321 կմ է, որից 90 կմ-ն է նորմալ վիճակում է, իսկ մնացած մասը մաշված է կամ խցանված, կամ էլ վթարային է: 2019-2020թթ. ժամանակահատվածում իրականացված ոռոգման ցանցի գույքագրումից և վերլուծությունից հետո 2022թ. Երևանի ներքաղաքային կանաչ տնկարկներում անցկացվել, փոխարինվել է շուրջ 21,6 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծ։
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Թափառող կենդանիների վնասազերծումը
Երևանը 2018թ. ի վեր ստանձնել է կենդանիների հանդեպ պատասխանատու վերաբերմունքի դրսևորման քաղաքականություն: Այլևս անցյալում են մնացել թափառող կենդանիների ոչնչացման դաժան երևույթները: Որդեգրվել է մի մոտեցում, ըստ որի՝ թափառող կենդանիների վնասազերծումն իրականացվում է ստերջացման եղանակով: Այդ կենդանիները բերվում են վնասազերծման կենտրոն, որտեղ դրանք նախ անցնում են անասնաբուժական զննություն և սպասարկում. կատաղության դեմ պատվաստում, արտաքին և ներքին մակաբույծների դեմ մշակում, ստերջացում, որից հետո դրանք բաց են թողնվում այն նույն տարածքում, որտեղից բերվել էին: ՀՀ կառավարության 3.08.2006թ. թիվ 1081-Ն որոշմամբ սահմանված կարանտինային, հատուկ վտանգավոր վարակիչ և պարտադիր ծանուցման ենթակա հիվանդություն ունեցող կենդանիները քնեցվում են:
Այս գործընթացը հնարավորություն է տալիս, նախ՝ զերծ մնալ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքից, երկրորդ՝ պահպանել տվյալ տարածքում կենսաբազմազանություն: Միաժամանակ, տվյալ տարածքում նոր կենդանիներ չեն հայտնվում, քանի որ այն համարվում է «արդեն իսկ վերահսկվող»: Իհարկե, նման լուծումը ենթադրում է, որ թափառող կենդանիների թվի նվազման դրական միտումները կզգացվեն միայն միջնաժամկետ կտրվածքում՝ 3-5 տարի հետո: Այդուհանդերձ, թափառող կենդանիները համարվում են վնասազերծված՝ վտանգավոր չեն մարդկանց համար:
Այս գործընթացի կազմակերպման և իրականացման համար Երևան քաղաքի ավագանու 2019թ. փետրվարի 12-ին N63-Ա որոշմամբ ստեղծվել է «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը («ԹԿՎԿ» ՀՈԱԿ), որի գործառույթներն են՝ թափառող կենդանիների հավաքումը, տեղափոխումը, նախնական զննումը, պատվաստումը, ստերջացումը և համարակալումը:
2022թ. «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ- է տեղափոխվել 3710 շուն, որից 2160-ը ստերջացվել են, 131-ը՝ որդեգրվել, քնեցման են ենթարկվել և ավտովթարի հետևանքով անկել է 740-ը (ներառյալ լեյշմանիոզով վարակվածները), վերապատվաստվել է 621 շուն:
Պայմանագրեր են կնքվել ՀՀ մի շարք համայնքապետարանների և քաղաքապետարանների հետ՝ մատուցելով թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ, ինչպես նաև համագործակցել են հասարակական կազմակերպությունների հետ, իսկ որոշների հետ կնքվել են հուշագրեր:
Տնային կենդանիներ պահելը, հաշվառելու և անասնաբուժական սպասարկումը կազմակերպելը
Երևանում տնային կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները սահմանված են Երևանի ավագանու 24.10.2011թ. թիվ 312-Ն որոշմամբ: Համաձայն հաստատված կանոնների՝ տնային կենդանի պահելու համար անհրաժեշտ է համայնքից ստանալ թույլտվություն և հաշվառել կենդանուն: Հաշվառումը, ըստ կանոնների՝ նույն օրենքի 9-րդ կետի, պետք է իրականացնեն վարչական շրջանի ղեկավարները: Թեև այդ կանոնները գործել են վերջին 10 տարվա ընթացքում՝ սակայն դրանք զգալի ազդեցություն չեն ունեցել տնային կենդանիներ պահելու հաջողված ավանդույթ ձևավորելու տեսակետից: Երևանի քաղաքապետարանն սկսել է այդ կանոնների վերանայման գործընթաց, որի շնորհիվ նախատեսվում է ներդնել կենդանիների հստակ հաշվառման ժամանակակից համակարգ: Միաժամանակ քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում կկառուցվեն շների առանձնացված զբոսայգիներ, ինչի շնորհիվ հանգստավայրերում, այգիներում և պուրակներում կապահովվի մարդկանց անվտանգությունը: Սկսած 2021թ. նոյեմբերից Երևանի 12 վարչական շրջաններում ներդրվել է տնային կենդանիների հաշվառման միասնական համակարգը, որը վերահսկվում և համակարգվում է աշխատակազմի բնապահպանության վարչության և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի կողմից: 31.12.2022 թվականի դրությամբ Երևան քաղաքի 12 վարչական շրջաններում հաշվառվել է 129 տնային կենդանի, հաշվառման գործընթացը շարունակվում է:
Գյուղատնտեսական կենդանիներ
Բացի թափառող և տնային կենդանիներից՝ Երևանում առկա են նաև գյուղատնտեսական կենդանիներ, որոնք ենթակա են հաշվառման: Երևանի քաղաքապետարանը վարչական շրջանների միջոցով յուրաքանչյուր տարի հաշվառում է գյուղատնտեսական կենդանիներին: Համաձայն 2023թ. հունվարի 1-ի դրությամբ առկա տվյալների՝ Երևանում առկա է 3311 խոշոր եղջերավոր անասուն, 731 խոզ, 5096 ոչխար, 8 այծ, 87 ձի, 2278 ճագար, 26398 թռչուն, 625 մորթատու գազան և 4985 մեղվաընտանիք: ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն իրականացնում է Երևանի գյուղատնտեսական կենդանիների անասնաբուժական սպասարկումը: