ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Առևտուր և սպասարկում

Վարչության գործառույթներ


Առևտրի և սպասարկման ոլորտի զարգացման 2017թ. ծրագրով 1-ին եռամսյակում կատարված աշխատանքները.

 

Բացօթյա առևտրի կանոնակարգում


Առևտրի ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր, որոնց արդյունքում բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բակերում և շքամուտքերում։
Հաշվետու ժամանակաշրջանում բացօթյա ապօրինի առևտրի արգելման ծավալուն աշխատանքներ են իրականացվել Տիգրան Մեծի, Արշակունյաց, Գայի, Ազատության, Կոմիտասի, Բաղրամյան պողոտաներում, Մալաթիա, Արցախի, Սեբաստիա, Մոլդովական, Էրեբունի, Սաֆարյան, Նար-Դոսի, Գյուլբենկյան, Բաշինջաղյան, Վարդանանց, Անդրանիկի, Գարեգին Նժդեհի, Բագրատունյաց և այլ փողոցներում: Բացօթյա ապօրինի առևտրից ազատված տարածքներում առևտրի վերսկսումը բացառելու նպատակով շաբաթվա բոլոր օրերին, այդ թվում հանգստյան օրերին կազմակերպվել են շրջայցեր, ինչպես նաև սահմանվել է մշտական հերթապահություն:
Կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը։
Քաղաքի կենտրոնական փողոցներում և հրապարակներում վարչության, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկման բաժինների կողմից սահմանվել է հերթապահություն, այդ թվում աշխատանքային օրերին՝ երեկոյան ժամը 18.00-22.00-ն, իսկ շաբաթ, կիրակի և տոն օրերին՝ ժամը 12.00-22.00-ն: Օրինազանցների նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ:
Հաշվետու ժամանակաշրջանում բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար առևտրի և սպասարկման ոլորտում կազմվել է վարչական իրավախախտման 21 արձանագրություն:
Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն ապահովելու նկատակով (բացօթյա առևտրի արգելում, ցուցափեղկերի վարագուրապատում կամ մգացում) հսկողություն է սահմանվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր 274 օբյեկտների նկատմամբ. օբյեկտներում հայտնաբերված թերությունները անմիջապես վերացվել են:

 

 

Հսկողություն վարչական իրավախախտումների նկատմամբ

 


Անհրաժեշտ աշխատանքներ են տարվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 43.1-րդ, 113-րդ, 152-րդ, 156-րդ, 162-րդ և 169.16-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումները հայտնաբերելու նպատակով:
Հաշվետու ժամանակաշրջանում առևտրի և սպասարկման ոլորտում կազմվել է ընդամենը 72 արձանագրություն, որից 43.1-րդ հոդվածով՝ 35, 113-րդ հոդվածով՝ 1, 152-րդ հոդվածով՝ 1, 156-րդ հոդվածով՝ 6, 162-րդ հոդվածով՝ 21 և 169.16-րդ հոդվածով՝ 8 արձանագրություն:
Վարչությունն ուսումնասիրել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի ու իրացման, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առուվաճառքի, բացօթյա առևտրի կազմակերպման, վարչական շրջանների տարածքներում առևտրի, հանրային սննդի, շահումով խաղեր և վիճակախաղեր կազմակերպող օբյեկտներին, բաղնիքներին (սաունաներին), խաղատներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվությունների, տեղական տուրքերի վճարման առկայությունը և դրանց բացակայության դեպքում միջոցներ են ձեռնարկվել թույլտվություններ ձեռք բերելու և համապատասխան տեղական տուրքեր գանձելու համար։ Այսպես, 2017թ. առաջին եռամսյակի ընթացքում առևտրի և սպասարկման ոլորտի գծով նախատեսված 488.8 մլն. դրամի դիմաց համայնքի բյուջե է մուտք եղել 490.3 մլն դրամ կամ տարեկան պլանը կատարվել է 100.3 %-ով, ավելի է մուտք եղել 1.5 մլն դրամ:
Առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու և աշխատանքների արդյունավետությունը մեծացնելու նպատակով վարչությունում ստեղծված էլեկտրոնային շտեմարանում պարբերաբար ճշտվում են տվյալները:
Անհրաժեշտ աշխատանքներ են տարվել առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի դեպքերը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու նպատակով:
Հետևողական աշխատանքներ են իրականացվել նաև ժամը 24.00-ից հետո գործունեություն ծավալող օբյեկտների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու համար: Վարչության կողմից պարբերաբար իրականացվում է հսկողություն գիշերային ապօրինի գործունեություն բացառելու նպատակով:

 

Օրենսդրական դաշտի ապահովում և կատարելագործում

 

Աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության կողմից աշխատանքներ են տարվել նաև 2016թ. զարգացման ծրագրով նախատեսված առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման ուղղությամբ: Վարչության կողմից առաջարկներ են ներկայացվել ՀՀ կառավարության կողմից ներկայացված «Թույլտվությունների մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև թափառող կենդանիների վնասազերծման աշխատանքների նկատմամբ։ 2017թ. 1-ին եռամսյակի ընթացքում «Յունիգրսֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից ամլացվել է՝ 1129, քնեցվել 59 և վնասազերծվել՝ 2888 թափառող կենդանի:
Աշխատանքներ են տարվել նաև Երևանի ավագանու 2011թ. հոկտեմբերի 24-ի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման պահանջներն ապահովելու նպատակով: Ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար կազմվել է՝ 1 արձանագրություն:
2017թ. 1-ին եռամսյակի ընթացքում վարչությունում ստացվել են՝ քաղաքացիներից 431 դիմում-բողոք, քաղաքապետարանի ստորաբաժանումներից և տարբեր կազմակերպություններից՝ 308 նամակ ու գրություն:
Վարչության կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ քաղաքացիների դիմում-բողոքներում արծարծված անօրինականությունները հիմնականում վերացվել են։
Առևտրի և սպասարկումների վարչության կողմից աշխատանքների թափանցիկությունն ու ոլորտի վերաբերյալ բնակչության իրազեկումն ապահովելու նպատակով հարցազրույցներ են տրվել տարբեր զանգվածային լրատվական միջոցներին:

 

 

Առևտրի և սպասարկման ոլորտում Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված թույլտվությունների, 2017թ. համար սահմանված տեղական տուրքերի մուտքերի նկատմամբ հսկողությունը վարչության կարևոր գործառույթներից է


Վերջին տարիների ընթացքում առևտրի և սպասարկման ոլորտում անհրաժեշտ միջոցառումներ են իրականացվել վարչական շրջանների ղեկավարների կողմից տրված թույլտվությունների, տեղական տուրքերի մուտքերի պլանների կատարման նկատմամբ հսկողության ուժեղացման, այդ գործում աշխատանքների արդյունավետության բարձրացման և կատարելագործման առումով:
Վարչությունում ստեղծվել է առևտրի և սպասարկման բոլոր օբյեկտների վերաբերյալ տվյալների էլեկտրոնային շտեմարան, որը նպաստում է արդյունավետ հսկողության իրականացմանն ու աշխատանքների ընթացքի արագացմանը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ 2012-2016թթ. բոլոր տարիների ընթացքում կատարվել և գերակատարվել են առևտրի և սպասարկման գծով սահմանված տեղական տուրքերի մուտքերի պլանները, իսկ 2017թ. առաջին 2 ամսվա համար նախատեսված 340 մլն. դրամի դիմաց Երևան համայնքի բյուջե մուտք է եղել 377.5 մլն դրամ տեղական տուրքի գումար. պլանը կատարվել է 111.1%-ով կամ պլանից ավելի է մուտք եղել 37.5 մլն դրամ:

 

 

 Երևան համայնքում ոգելից խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի, հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունների համար տեղական տուրքերի 2017թ. դրույքաչափերի փոփոխությունը կատարվել է փոքր և միջին ձեռնարկատերերին աջակցելու նպատակով

 

Մինչև 2017 թվականը Երևան համայնքում ոգելից խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի, հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունների համար Երևան քաղաքի ավագանու կողմից ըստ փողոցների գոտիավորմամբ սահմանված էին տեղական տուրքերի միասնական դրույքաչափեր՝ առանց հաշվի առնելու առևտրի և հանրային սննդի օբյեկտների մակերեսները, որն առաջացնում էր տնտեսվարողների դժգոհությունը: Ուստի, փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով, Երևանի քաղաքապետարանի ներկայացրած առաջարկների համաձայն, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարվեցին փոփոխություններ՝ հաշվի առնելով նաև առևտրի և հանրային սննդի օբյեկտների մակերեսները: «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով Երևանի ավագանին 2016 թվականի դեկտեմբերի 21-ի N 636-Ն որոշմամբ 2017թվականի համար սահմանեց Երևան համայնքում ոգելից և ալկոհոլային խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի, հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունների տեղական տուրքերի նոր դրույքաչափեր, որոնք ներկայացվում են ստորև (տես աղյուսակները).

 

Հաշվետվություն
2016թ. գործունեությունը և 2017թ. նախատեսվածը

 

Առևտրի ոլորտի օրենսդրական պահանջների կատարման նկատմամբ հսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով 2016թ. կազմակերպվել են ամենօրյա շրջայցեր. բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման աշխատանքներ են իրականացվել Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բակերում և գետնանցումներում: Բացօթյա ապօրինի առևտրից ազատված տարածքներում առևտրի վերսկսումը բացառելու նպատակով շաբաթվա բոլոր օրերին, այդ թվում՝ հանգստյան և տոն օրերին կազմակերպվել են շրջայցեր:
Կենտրոնական փողոցներում և հրապարակներում վարչության, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի առևտրի, սպասարկումների և գովազդի բաժինների կողմից սահմանվել է հերթապահություն:
Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար տարվա ընթացքում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 309 արձանագրություն:
Կանոնակարգվել է նաև օրենքով թույլատրվող ապրանքների բացօթյա առևտուրը:
Վարչության կողմից պարբերաբար ուսումնասիրվել են Երևանում գործող գյուղատնտեսական արտադրանքի և գյուղմթերքի փոքրածավալ բոլոր 23 շուկաները և համապատասխան միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված խախտումները և թերությունները վերացնելու, սպասարկման որակը բարելավելու համար:
Երևանի քաղաքապետարանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության համագործակցության շնորհիվ մայրաքաղաքում գյուղմթերքների առևտուրը կանոնակարգելու, բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու, արտադրող-սպառող անմիջական կապն ու բնակչությանը թարմ ու որակյալ մթերքները մատչելի գնով մատուցելու նպատակով Արաբկիր վարչական շրջանում, Կասյան փողոցի սկզբնամասում և Կենտրոն վարչական շրջանում, «Մալիբու» սրճարանի հարևանությամբ հաջողությամբ գործունեություն են ծավալել գյուղմթերքների տոնավաճառները, որտեղ առևտուր են արել միայն գյուղմթերք արտադրողները:
Սգո ծիսակատարություններին վերաբերող ապրանքների վաճառքի՝ օրենքով սահմանված պահանջներն կատարելու նպատակով հսկողություն է իրականացվել նշված գործունեությամբ զբաղվող բոլոր 274 օբյեկտների նկատմամբ: Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել նաև Երևանի ավագանու 2015թ. ապրիլի 30-ի «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» N 319-Ն որոշմամբ սահմանված քաղաքացիական հոգեհանգստի իրականացման սրահներին ներկայացվող սահմանափակումների, պահանջների և պայմանների ապահովման նկատմամբ: 2016թ. ընթացքում տրամադրվել է քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ իրականացնելու և (կամ) մատուցելու 15 թույլտվություն:
Տարվա ընթացքում հետևողական աշխատանքներ են տարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի առևտրի և սպասարկման ոլորտին վերաբերող հոդվածներով նախատեսված իրավախախտումները հայտնաբերելու, արձանագրություններ կազմելու նպատակով. կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ 2016թ. առևտրի ոլորտում հայտնաբերված վարչական իրավախախտումների թիվը նախորդ տարվա համեմատ պակասել է: Այսպես, եթե 2015թ. վարչական իրավախախտումների համար կազմված արձանագրությունների թիվը 1790 էր, նշանակված տուգանքների չափը՝ 46244 հազ. դրամ, ապա 2016թ., համապատասխանաբար, 1116 և 26115 հազ. դրամ:
Վարչությունը պարբերաբար ուսումնասիրել է նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարների կողմից առևտրի և սպասարկման ոլորտի գծով տրամադրած թույլտվությունների, տեղական տուրքերի վճարումների առկայությունը և դրանց բացակայության պարագայում միջոցներ են ձեռնարկվել թույլտվություններ ձեռք բերելու և համապատասխան տեղական տուրքերը վճարելու նպատակով։
2016թ. համայնքի բյուջե առևտրի և սպասարկման ոլորտի գծով տեղական տուրքերի մուտքերի պլանը կատարվել է 105 %-ով կամ նախատեսված 781.1 մլն դրամի փոխարեն մուտք է եղել 820.4 մլն դրամ գումար, կամ նախատեսվածից ավելի է մուտք եղել 39.3 մլն դրամ, իսկ 2015թ. համեմատ ավելի է մուտք եղել՝ 28.8 մլն դրամ:
2016թ. փոքր և միջին ձեռնարկատիրությանն աջակցելու, փոքր և մեծ օբյեկտների միջև տարբերակում մտցնելու նպատակով Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա 2016թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, որից ելնելով Երևանի ավագանին 2016թ. դեկտեմբերի 21-ի N636-Ն որոշմամբ Երևան համայնքում ոգելից խմիչքի և ծխախոտի արտադրանքի վաճառքի, հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվությունների համար սահմանել է տեղական տուրքերի նոր դրույքաչափեր՝ ըստ առևտրի և հանրային սննդի օբյեկտների մակերեսների:
Հետևողական աշխատանքներ են տարվել նաև ժամը 24.00-ից հետո գործունեություն ծավալող օբյեկտների նկատմամբ հսկողության սահմանելու առումով, որի շնորհիվ 2016թ. ընթացքում բազմաբնակարան շենքերի առաջին և նկուղային հարկերում գործող հանրային սննդի և զվարճանքի այն օբյեկտներին, որոնց վերաբերյալ ստացվել են բնակիչներից բողոքներ, չեն տրվել թույլտվություններ:
Առևտրի և հանրային սննդի օբյեկտներում պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառքը հայտնաբերելու, արգելելու և կանխարգելելու նպատակով վարչությունը պարբերաբար կազմակերպել է շրջայցեր: Պիտանիության ժամկետն անցած ապրանքների վաճառք իրականացնելու համար կազմվել է վարչական իրավախախտման 9 արձանագրություն:
ՀՀ գյուղատնտեսական նախարարության սննդի անվտանգության ծառայության հետ համատեղ հսկողություն է սահմանվել նաև մսի վաճառքի կետերի գործունեության նկատմամբ և միջոցներ են ձեռնարկվել հայտնաբերված թերությունները և անօրինակությունները վերացնելու համար:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում պարբերաբար կատարվել են ուսումնասիրություններ և հսկողություն է իրականացվել դպրոցական բուֆետների վիճակի և մատակարարվող սննդի որակի նկատմամբ: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ իրականացվել են դպրոցական բուֆետների վերանորոգման և կահավորման մեծ ծավալի աշխատանքներ:
Ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքը 18 տարին չլրացած անձանց վաճառելու դեպքերը բացառելու նպատակով առևտրի բոլոր օբյեկտների և առևտրի կենտրոնների սեփականատերերը և վարձակալները ծանուցվել են: Հսկողությամբ հայտնաբերվել է 18 տարին չլրացած անձանց վաճառելու 2 դեպք, կազմվել են համապատասխան արձանագրություններ:
Երևանի Փ. Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում (Վերնիսաժում) 2016թ. ընթացքում իրականացվել են մեծ ծավալի վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ, որոնք շուտով կավարտվեն: Ցուցահանդես-վաճառքի կենտրոնում իրականացվող առևտրի կանոնակարգման և ավելի քաղաքակիրթ ձևերով կազմակերպման նպատակով մշակվել է առևտրային գործընթացի կազմակերպմանը ներկայացվող պայմանների վերաբերյալ Երևանի ավագանու որոշման նախագիծ, որը հաստատվել է Երևանի ավագանու 2016թ. սեպտեմբերի 13-ի N 575-Ն որոշմամբ:
2016թ. ընթացքում Վերնիսաժի տարածքից առևտուր իրականացնելու նպատակով «Հրազդան» տոնավաճառ տեղափոխվեցին հնամաշ հագուստի և այլ իրերի վաճառքով զբաղվող անձինք, որտեղ նրանց գործունեությունը շարունակելու նպատակով ստեղծված են աշխատանքային անհրաժեշտ պայմաններ:
2016թ. ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ապամոնտաժվել է լքյալ և չգործող առևտրի և սպասարկման 121 կրպակ և 2017թ. կշարունակվի գործընթացը:
Վերջին տարիներին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանում կտրուկ կերպով նվազել է թափառող կենդանիների թիվը: 2015-2016թթ. թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցելու նպատակով Երևան համայնքի բյուջեից հատկացվել է 2014թ. համեմատ 100 մլն. դրամ պակաս գումար: Անհրաժեշտ հսկողություն է իրականացվել թափառող կենդանիների վնասազերծման նկատմամբ։ 2014թ. ընթացքում «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ի կողմից վնասազերծվել է 36090, 2015թ.՝ 12512, 2016թ.՝ 15522 թափառող կենդանի: 2014թ. թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ մատուցելու համար համայնքի բյուջեից հատկացվել է՝ 220 մլն դրամ, 2015թ.՝ 120 մլն դրամ, 2016թ.՝ 120 մլն դրամ, փաստացի ծախսը կազմել է, համապատասխանաբար, 182.5, 91.6 և 113.6 մլն դրամ, տնտեսվել է, համապատասխանաբար, 37.5, 28.4 և 6.4 մլն դրամ:
2017թ. թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ ձեռք բերելու նպատակով 2016թ. դեկտեմբերին կայացել է Երևանի քաղաքապետարանի պատվերով հայտարարված մրցույթը, հաղթող է ճանաչվել «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է պայմանագիր:
Անհրաժեշտ հսկողություն է սահմանվել Երևանի ավագանու 2011թ. հոկտեմբերի 24-ի «Երևան քաղաքում ընտանի կենդանիներ պահելու և հաշվառելու կանոնները հաստատելու մասին» N 312-Ն որոշման պահանջները կատարելու նպատակով: Ընտանի կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար կազմվել է 13 արձանագրություն:
Առևտրի և սպասարկման ոլորտի օրենսդրության կատարելագործման նպատակով վարչության կողմից առաջարկներ են ներկայացվել «Առևտրի և ծառայությունների մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու վերաբերյալ: «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 27-րդ կետերի համաձայն՝ առևտրի և սպասարկումների վարչության կողմից մշակվել է «Երևան քաղաքում առևտրի ոլորտում գործունեության կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները և լրացուցիչ կանոնները հաստատելու մասին» և «Երևան քաղաքում բացօթյա վաճառք (առևտուր) կազմակերպելու լրացուցիչ պայմանները սահմանելու մասին» Երևանի ավագանու որոշումների, ինչպես նաև հանրային սննդի և կենցաղային ծառայությունների ոլորտում գործունեության կանոնների նախագծեր, որոնք ներկայացվել են աշխատակազմի իրավաբանական վարչություն։
Առևտրի և սպասարկումների վարչության կողմից առաջարկներ են ներկայացվել «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որոնք քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարությունում: Առաջարկներ են ներկայացվել նաև Երևանում բազմաբնակարան շենքերի առաջին և նկուղային հարկերում գործող զվարճանքի օբյեկտների տեղաբաշխման վայրերի և գործունեության վերաբերյալ։
2016թ. առևտրի և սպասարկումների վարչություն են մուտք եղել 1238 դիմում-բողոք, 1145 նամակ ու գրություն, որոնց մեծ մասին տրվել է դրական ընթացք։
Ձեռքբերումների հետ մեկտեղ ոլորտում դեռևս կան անելիքներ: Աշխատանքների կատարելագործման և հսկողության ուժեղացման անհրաժեշտություն է զգացվում բացօթյա առևտրի, գիշերային աղմուկի դեմ պայքարի, թափառող կենդանիների վնասազերծման կազմակերպման ասպարեզներում: Դեռևս շատ են բողոքները թափառող կենդանիների կողմից մարդկանց պատճառված անհանգստությունների վերաբերյալ:
2017թ. կշարունակվեն նշված գործընթացները, և վարչության կողմից միջոցներ կձեռնարկվեն աշխատանքների արդյունավետության բարձրացման ու կատարելագործման, ոլորտում առկա թերություններն ու բացթողումները վերացնելու նպատակով:

  

Երևան քաղաքում առևտրի և ծառայությունների ոլորտի 2014-2017թթ. զարգացման ծրագիր

 

 

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
առևտրի և սպասարկումների վարչություն

Լուսանկարներ