ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

ընդլայնված որոնում

Զարգացման և ներդրումային ծրագրեր

Վարչության գործառույթներ

Երևանի հնգամյա և միամյա զարգացման ծրագրերի նպատակն է Երևան քաղաքի կայուն և համաչափ զարգացման ապահովումը՝ հաշվի առնելով բնակչության կենսական շահերը և բարեկեցությունը, մարդկային զարգացումը՝ որպես հետևանք երաշխավորելով երևանցիների կյանքի որակի էական բարելավումը: Զարգացման ծրագիրը համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերլուծության և առկա հիմնախնդիրների բացահայտման, ֆինանսական, տնտեսական, բնական և մարդկային ռեսուրսների գնահատման արդյունքում նպատակային զարգացման տեսանկյունից ձեռնարկվելիք քայլերի ամբողջությունն արտահայտող փաստաթուղթ է, որը նախատեսում է ռազմավարական կտրվածքով համայնքի հիմնախնդիրների արդյունավետ լուծումը: Ծրագրերը բովանդակում են Երևանի սոցիալ-տնտեսական և ֆինանսական իրավիճակի վերլուծությունը, Երևանի գերակայությունները, քաղաքային տնտեսության ոլորտների վիճակը, հիմնախնդիրները և զարգացման հիմնական ուղղությունները: Ծրագրերի իրականացման կայուն երաշխիքներն են հանդիսանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը և այլ իրավական ակտեր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները՝ Երևանի քաղաքապետը և ավագանին: Երևանի զարգացման ծրագրերը և դրանց հաշվետվությունները կազմում և ավագանուն է ներկայացնում քաղաքապետը։ Տարեկան բյուջեի նախագիծը մշակելիս հաշվի են առնվում Երևանի զարգացման ծրագրերը։
Երևանի քաղաքապետարանը կարևորում է Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության հաստատումը և ընդլայնումը քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում՝ նպատակ ունենալով վերջինիս միջոցով համապատասխան ոլորտներում ապահովել անհրաժեշտ ներդրումներ, բարձրացնել կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև մատուցվող ծառայությունների որակը՝ ստեղծելով քաղաքային բարելավված միջավայր:
Քաղաքային ենթակառուցվածքներում ներդրումների ներգրավման և նորարարությունների իրականացման նպատակով քաղաքապետարանը համատեղ ծրագրեր է իրականացնում նաև միջազգային կազմակերպությունների հետ:
Քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է` համագործակցելու բոլոր այն կազմակերպությունների և անհատների հետ, որոնք ցանկանում են իրենց ներդրումն ունենալ քաղաքամայր Երևանի զարգացման գործում:

 

«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագիր 

 

Տևողությունը՝ 01/03/2018 – 28/02/2021
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 1,250,004.00 եվրո
ԵՄ ներդրումը՝ 1,000,000.00 եվրո (80% համաֆինանսավորում)
Երևանի քաղաքապետարանի ներդրումը՝ 250,004.00 եվրո (20% համաֆինանսավորում)
Վայրը՝ ք. Երևան, ՀՀ
Իրականացնող՝ Երևանի քաղաքապետարան


Եվրոպական Միությունն աջակցում է «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագրի իրագործմանը, որն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Ծրագիրը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու 13.02.2018թ. հ. 111-Ա որոշմամբ:
Ծրագրի հիմնական նպատակն է բազմաբնակարան շենքերում նվազեցնել էներգետիկ սպառումը և դրա հետ փոխկապակցված ջերմոցային գազերի արտանետումները (տարեկան շուրջ 300 տոննա CO2)` վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման և էներգախնայողության միջոցառումների իրականացմամբ:

 

Գործողությունների ամփոփ նկարագիր

 

Եվրոպական Միության աջակցությամբ «Քաղաքապետերի Դաշնագրի» նախաձեռնության շրջանակում իրականացված «ԵՄ-ն Երևանի համար. արևային համայնք» ծրագիրը գործնական փուլ է մտել 2020 թվականին, արդյունքում՝ Երևանի 97 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղադրվել են արևային ֆոտովոլտային կայաններ: Ծրագիրն իր բովանդակային և սոցիալական ազդեցության մասշտաբներով առաջինն ու միակն է ինչպես Երևանում, այնպես էլ Եվրոպական միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության անդամ հանդիսացող մյուս քաղաքների շարքում: Ծրագրում ներառված բազմաբնակարան շենքներն ընտրվել են բոլոր վարչական շրջաններից, բացառությամբ Նորք Մարաշի: Ընտրություն իրականացնելիս մի շարք տեխնիկական չափորոշիչներից բացի՝ հաշվի է առնվել նաև սոցիալական բաղադրիչը:

Տեղադրված արևային կայաններն ապահովում են ընտրված շենքերի վերելակների, շքամուտքերի, աստիճանահարթակների, ինչպես նաև բակերի լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան: Ծրագրի իրականացման արդյունքում բնակիչները հնարավորություն ունեն տնտեսելու իրենց միջոցները՝ շուրջ 50%-ով, ինչպես նաև ապահովելու շուրջ 77% էլեկտրաէներգիայի սպառման նվազում ընդհանուր օգտագործման տարածքներում: Շենքերում ու բակերում տեղադրվել են նոր էներգախնայող LED լուսատուներ: Հաշվի առնելով ծագրի սոցիալական կարևոր բաղադրիչը՝ նոր էներգախնայող լուսատուներ են տրամադրվել նաև շուրջ 300 անապահով ընտանիքների:
Շենքերից յուրաքանչյուրի համար ստեղծվել են նպատակային բանկային հաշիվներ, որտեղ կուտակվում են բնակիչներից գանձված գումարները և Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ-ին վաճառված էլեկտրաէներգիայից գոյացած եկամուտը: Կուտակված գումարը կուղղվի անհատույց օգտագործման հանձնված համակարգերի սպասարկմանը և բնակիչների որոշմամբ շենքերում էներգախնայող ծրագրերի իրականացմանը:
Ծրագրի իրագործման կարևոր նպատակներից է խթանել «կանաչ տնտեսական աճ»-ը, նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները՝ տարեկան շուրջ 300 տոննա CO2:

Ծրագրի իրականացման շնորհիվ բազմաբնակարան շենքերի շուրջ 25.920 բնակիչ կապրի ավելի հարմարավետ պայմաններում և կունենա էլեկտրաէներգիայի ավելի ցածր վճարներ:

Ծրագրով մշակվել է նաև «Արևի էներգիան՝ քո տանը» ուղեցույցը 

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

«Երևանի էներգաարդյունավետության և հանրային շենքերի ջերմային հիմնանորոգում» ծրագիր

 

«Երևանի էներգաարդյունավետության և հանրային շենքերի ջերմային հիմնանորոգում» ծրագրի նպատակն է Երևանի ենթակայության հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը:
Ծրագրով նախատեսվում է իրականացնել էներգաարդյունավետությանը և էներգախնայողությանն ուղղված հիմնանորոգման աշխատանքներ, որը կներառի սեյսմակայունության ապահովման, արտաքին պատող կոնստրուկցիաների ջերմամեկուսացման, դռների և լուսամուտների փոխարինման, ջեռուցման/հովացման, օդափոխության և օդորակման համակարգերի, լուսավորության համակարգերի վերակառուցման, հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի հասանելիության ապահովման բաղադրիչները: Ծրագրով նախատեսվում է նաև վերականգնվող էներգիայի՝ արևային ֆոտովոլտային կայանների և արևային ջրատաքացուցիչների կիրառումը:
Դեռևս 2015 թվականին հանրային շենքերում էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրի իրականացման նպատակով բանակցություններ սկսեցին Եվրոպական Ներդրումային բանկի (ԵՆԲ) հետ: Ծրագրի իրականացման հնարավորությունը գնահատելու նպատակով 13.10.2016թ. Եվրոպական Ներդրումային բանկի և Երևանի քաղաքապետարանի միջև ստորագրվեց համագործակցության համաձայնագիր, որի համաձայն դրամաշնորհային միջոցներով իրականացվեց «Երևանի էներգաարդյունավետության և հանրային շենքերի ջերմային հիմնանորոգում» ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն: ԵՆԲ-ին տրամադրված «Արևելյան գործընկերության տեխնիկական օժանդակության վստահության հիմնադրամի» ֆինանսական միջոցներով բանկի կողմից ներգրավված «ԼԴԿ քոնսուլթանթս էնջինիրս էնդ փլաններս» միջազգային խորհրդատվական ընկերության կողմից իրականացվեց ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն: Այդ նպատակով 2016 թվականին խորհրդատվական ընկերության կողմից կազմակերպվել են այցելություններ և ուսումնասիրություններ Երևանի քաղաքապետարանի ենթակայության ավելի քան 60 հանրային շենքերում, ընտրված 5 շենքերում կատարվել է խորացված էներգետիկ աուդիտ։
Ծրագրի շրջանակում ԵՆԲ կողմից իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական համակարգի և վարկունակության գնահատում: Միաժամանակ, Կանաչ Կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագրի շրջանակում ՄԱԶԾ կողմից իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ֆինանսական համակարգի կառավարման գնահատում:
Իրականացված ուսումնասիրության և հաշվարկների արդյունքում մշակվել է ծրագիր և համապատասխան ֆինանսական մոդել, որը հիմք է հանդիսացել դրամաշնորհային և վարկային միջոցների ներգրավման համար:
Ծրագիրն ունի ներդրումների հետվերադարձելության բարձր ցուցանիշ, ցածր ռիսկայնություն և հետգնման ապահովման հստակ մեխանիզմներ։ Վարկային միջոցների հետգնման ժամկետը 5–7 տարի է:
«Երևանի էներգաարդյունավետության և հանրային շենքերի ջերմային հիմնանորոգում» ծրագիրը ներառված է Երևան քաղաքի ավագանու՝ 24.06.2016թ. N 558-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրում», Երևան քաղաքի ավագանու 12.09.2017թ. հ. N 21-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրում, և համահունչ է ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրին (ընդունված՝ 2007թ.), Հայաստանի առաջին էներգաարդյունավետության գործողությունների ազգային պլանին (ընդունված՝ 2010թ.), Հայաստանի երկրորդ էներգաարդյունավետության գործողությունների ազգային պլանին:
2017 թվականի դեկտեմբերի 1-ին Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ստորագրվել է «Երևանի էներգաարդյունավետության» ֆինանսական պայմանագիրը, որը հաստատվել է Երևան քաղաքի ավագանու կողմից 26.12.2017թ. հ.95-Ա որոշմամբ:
2018 թվականի հունվարի 17-ին տեղի է ունեցել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային աշխատաժողովը: Հստակեցվել են ծրագրի կառավարման, աշխատանքների իրականացման ժամանակացույցի, մրցույթների անցկացման և մշտադիտարկումների հետ կապված հարցեր:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

  

Ամանորյա տոնավաճառ


Երևանի քաղաքապետարանը «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ 2012 թվանկանից սկսած կազմակերպում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառ։ Արդեն 5-րդ տարին անընդմեջ իրականացվող այս նախագիծը Երևանի քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է։
Հյուսիսային պողոտայում հատուկ պատրաստված ինքնատիպ տաղավար–տնակներում ներկայացվում են Ամանորի և Սուրբ Ծննդյան խորհրդանիշներ, տոնական զարդեր և հուշանվերներ, քաղցրավենիքի մեծ տեսականի, ինչպես նաև տաք գինի։ 2012թ. համեմատությամբ 2016թ. տաղավարների թիվը աճել է՝ 16-ից հասնելով 33-ի։ Տոնավաճառն ազդարարում է Ամանորյա տոների գալուստը, իսկ տոնական տրամադրությունը տարածքում ապահովում է մշտապես հնչող Ամանորի խորհրդանիշ դարձած երգերի ընտրանին։

 

Երևանյան մարաթոն

 

Հոկտեմբերի 21-ին մայրաքաղաքում «Երևան մարաթոն» խորագրի ներքո անցկացվել է առաջին լիարժեք մարաթոնյան վազքը՝ նվիրված մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Միջոցառումը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի, «Արմ Մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և «Կոկա-կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համատեղ ջանքերով` ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:
Տարբեր տարիքային խմբերի բաժանված մրցակիցներն իրենց ուժերը փորձել են 5 մրցատարածություններում՝ 42,2կմ 21,1կմ, 11,5կմ, 5կմ և 1կմ: Ամենակարճ տարածությունը նախատեսված է եղել երեխաների համար: Մարաթոնին մասնակցել են ինչպես անհատներ, այնպես էլ տեղական և միջազգային տարբեր կազմակերպություններ, սպորտային ակումբներ: Առանձին վազք է կազմակերպվել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Վազքուղին սկսվել է Շահումյան հրապարակից, անցել է Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով, այնուհետև շարունակվել դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, ապա՝ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափի փողոցներով (մինչև Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճով, Հաղթանակի կամրջով, Արգիշտիի, Իտալիայի, Վ. Սարգսյան, Խ. Աբովյան, Ալ. Պուշկինի փողոցներով եզրափակվել մեկնարկային վերջնագծում:
Ի դեպ, վազքուղին չափագրված է Մարաթոնների և վազքի միջազգային միության (AIMS) կողմից և ստացել է միջազգային կարգավիճակ: Հատկանշական է, որ մասնակցության համար սահմանված վճարների հավաքված գումարի մեծ մասն ուղղվելու է բարեգործական նպատակների:
Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ մարաթոնին ընդհանուր առմամբ մասնակցել է շուրջ 2500 պրոֆեսիոնալ և սիրողական վազորդ աշխարհի ավելի քան 30 երկրից:
Մրցավազքի առաջին երեք տեղն զբաղեցրած մասնակիցներն արժանացել են մեդալների և պարգևատրվել: Բացի անհատական մրցանակներից, սահմանվել է նաև թիմային հինգ մրցանակ՝ «Ամենամեծ մասնակից թիմ», «Ամենամեծ մանկական թիմ», «Ամենաարագ թիմ», «Ամենաարագ մանկական թիմ» և «Ամենալավ աջակցողներն ունեցող թիմ» անվանակարգերում:

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

«Քաղաքային կանաչ լուսավորություն»

 

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև ստորագրվել է Մտադրությունների մասին հուշագիր՝ «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում կշարունակվի Երևան քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը, որը մեկնարկել էր 2014թ.: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում 2005-2017թթ. իրականացված ցուցադրական ծրագրերի շրջանակներում 1250 լուսադիոդային լամպերով կահավորվեցին քաղաքի 25կմ երկարության 6 կարևոր մայրուղիներ (Իսակովի պողոտան՝ մինչև «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկը, Հաղթանակի կամուրջը, Մաշտոցի պողոտան, Աթենքի փողոցը, Ծիծեռնակաբերդի խճուղին և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհը և Արշակունյաց պողոտան):
Այդ ծրագրի արդյունքները հիմնավորեցին, որ որակյալ և երաշխավորված լուսատուների ճիշտ ընտրության պարագայում կարելի է ապահովել մինչև 60% էներգախնայողություն, միաժամանակ ապահովելով լուսավորվածության նորմատիվային մակարդակ, ինչպես նաև շահագործման այլ ծախսերի նվազեցում:
Միաժամանակ Երևանի Քաղաքապետի 2015թ. հուլիսի 30-ի 2354-Ա հրամանով «Երքաղլույս» ՓԲԸ հիմնվեց առանձնացված հաշվեհամար, որտեղ փոխանցվում էր այդ ծրագրերի արդյունքում տնտեսված գումարը: Այդ խնայված միջոցները նույն տարում ներդրվում են նոր էներգաարդյունավետ լուսավորության ծրագրերի մեջ:
Իրականացվել են Երևանի կենդանաբանական այգու արտաքին լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները՝ այգու վերանորոգման առաջին փուլի շրջանակներում: ՄԱԶԾ հետ համատեղ իրականացվում է նաև այգու լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքների երկրորդ փուլը: Ընդհանուր առմամբ ՄԱԶԾ-ԳԷՖ ֆինանսավորմամբ ձեռք է բերվել 167 ԼԴ լուսատու, 72 հազար դոլար ընդհանուր գումարով:

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի միջև 2016թ. ստորագրված Մտադրությունների մասին հուշագրի համաձայն «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի՝ Արգիշտի 1 հասցեում գտնվող շենքի և Երևանի պատմության թանգարան ՊՈԱԿ-ի շենքի ներշենքային լուսավորության համակարգերի արդյունավետության բարձրացման նպատակով իրականացվել է շենքերի լուսավորության ներքին համակարգի էներգաարդյունավետ վերազինում: Ձեռք են բերվել շուրջ 4285 լամպ և լուսատու, որից շուրջ 370-ը՝ որպես ռեզերվ: Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է տարեկան 78.4 տոննա CO2 կրճատումներ:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 


«Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոն

 

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Կայուն Էներգիայի Զարգացման Հիմնադրամի» կողմից անցկացվել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնը: Կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված ծրագրի շրջանակում ծրագրավորման և տվյալների վերլուծության շուրջ 40 հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, նաև պարզապես կրեատիվ մտածողություն ունեցող մարդիկ թիմերի բաժանված 24 ժամվա ընթացքում մշակել են նորարարական լուծումներ՝ քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը բարելավելու նպատակով:
Հարկ է նշել, որ Կլիմաթոնը կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոն է, որը նույն օրը միաժամանակ անցկացվում է աշխարհի 230 քաղաքներում: Յուրաքանչյուր քաղաք հաստատում է կլիմայական իր մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները մշակում են այդ մարտահրավերի հետ կապված լուծումներ:

 

 ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

«Խելացի քաղաք» հաքաթոն


Երևանի քաղաքապետարանի, Եվրոպական Միության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել և իրականացվել է «Խելացի քաղաք» 24-ժամյա հաքաթոնը, որի նպատակն էր Երևանի համար խելացի լուծումներ մշակելը: Հաքաթոնի ընթացքում շուրջ 70 մասնագետներ 24 ժամ շարունակ կաշխատեն տրամադրված տվյալների շտեմարաններով, երեք հիմնական ուղղություններով՝ Երևանի համար մշակելով խելացի լուծումներ. տվյալների վերլուծություն, տվյալների վիզուալիզացում և նոր տվյալների հավաքագրման մեխանիզմների մշակում, որոնք վերաբերում են քաղաքի կառավարման տարբեր ոլորտներին՝ շենքերի կառավարում, զբոսաշրջության զարգացում և քաղաքի մաքրություն:

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

 

 

«Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագիր

 

Երևանի քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի միջև ստորագրված հուշագրով հիմնանորոգման համար ընտրվել են Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնն ու Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 160 մանկապարտեզը: Վերջինիս ընտրությունը մեծապես պայմանավորված է եղել նրանով, որ շենքը, կառուցված լինելով 1960-ական թվականներին, ունեցել է շահագործման մեծ ծախսեր և հարմարավետության ոչ բավարար մակարդակ:
Մանկապարտեզի վերնածածկը ջերմամեկուսացվել է տեղական արտադրության հանքաբամբակե ներքնակներով, իսկ արտաքին պատերը (մասամբ)՝ էքստրուդացված փրփրապոլիստիրոլե սալերով, փոխարինվել են փայտե հին պատուհանները, ներդրվել է լուսադիոդային լուսավորման համակարգ, ջեռուցման համակարգի հին թուջե մարտկոցները փոխարինվել են պողպատե պանելային մարտկոցներով, փոխվել են հատակները, հիմնովին վերանորոգվել են սանհանգույցները:
Արդյունքում, շենքի Էներգաարդյունավետության մակարդակը բարձրացվել է շուրջ 40%-ով, իսկ Ծրագրի հիմնական ցուցանիշ հանդիսացող CO2 արտանետումների կրճատումը կազմել է 23 տոննա/տարի:

 

Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում իրականացվել է շենքի ուժեղացում ու սեյսմազինվածության մակարդակի բարձրացում՝ հիմքերի, կրող տարրերի ու վերնածածկի ամրացմամբ, նոր տանիքի կառուցմանը զուգահեռ իրականացվել է վերնածածկի ջերմամեկուսացումը տեղական արտադրության հանքաբամբակե ներքնակներով, արտաքին պատերի ջերմամեկուսացման համար կիրառվել են հանքաբամբակե կոշտ սալեր, ամբողջովին վերափոխվել է ջեռուցման համակարգը, փոխվել են հատակները, պատուհանները, հիմնովին վերանորոգվել են սանհանգույցներն ու ցնցուղարանները, ներդրվել է լուսադիոդային լուսավորման համակարգ:
Արդյունքում, շենքի Էներգաարդյունավետության մակարդակը բարձրացվել է ավելի քան 50%-ով, իսկ Ծրագրի հիմնական ցուցանիշ հանդիսացող CO2 արտանետումների կրճատումը կազմել է 250 տոննա տարի:


2012թ. նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջև ստորագրվել է «Մտադրությունների մասին» հուշագիր, համաձայն որի՝ «Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում» ծրագրով ցուցադրվել է բազմաբնակարան շենքերի էներգախնայողության ներուժը՝ նպատակ ունենալով նպաստել նմանատիպ նախագծերի իրականացման փորձի տարածմանը: Ծրագրի նպատակներին հասնելու համատեքստում 2013թ. ընտրվել է կենտրոնացված ջեռուցման համակարգին միացված ՏՇԿ սերիայի շենք, գնահատվել է շենքի տեխնիկական վիճակը, ՄԱԶԾ-ԳԷՖ ծրագրի և համատիրության կողմից համատեղ բնակիչների շրջանում անց է կացվել հարցում, որի համաձայն շենքի բնակիչները համաձայնություն են տվել ցուցադրական ծրագրում իրենց շենքի ներգրավմանը:
Ծրագրով Ավան վարչական շրջանի Դանիել Վարուժան 6 բազմաբնակարան բնակելի շենքի էներգետիկ արդյունավետության բարձրացմանն ուղղված շինարարական աշխատանքներն իրականացվել են 2013-2014թթ. ընթացքում, որոնք ներառել են. շենքի արտաքին պատերի ջերմափոխանցման դիմադրության մեծացում՝ արտաքին մակերևույթի վրա ջերմամեկուսիչ նյութի տեղադրմամբ, շենքի շքամուտքի աստիճանավանդակներում դռների և պատուհանների փոխարինում, նկուղային հարկի բացվածքներում պատուհանների տեղադրում, տանիքի ջրամեկուսացում։ Բազմաբնակարան շենքի ջերմաարդիականացման այս փորձն առաջինն է ինչպես Երևանում, այնպես էլ ողջ հանրապետությունում:
ՄԱԶԾ կողմից իրականացված դիտարկմամբ՝ վերոնշյալ աշխատանքներից հետո ապահովվել է շուրջ 60% էներգախնայողություն։

 

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ